ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հունվարի 3-ին ունեցած հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իրանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Էբրահիմ Ռայիսին կոչ է արել շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև ամենատարբեր մակարդակներում:
«Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է: Այս առումով Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,-ասել է Իրանի նախագահը:
Նշվում է, որ Թեհրանը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցային գործընթացում առաջընթացը: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով միջազգային սկզբունքների հիման վրա: «Մենք աջակցում ենք ճանապարհների ապաշրջափակմանը»,-նշել է Իրանի նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը