29 12 2021

«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը․ «Հետք»

«Գորշ ձիուկը». Գնել Սանոսյան, կամ ո՞վ է աղմուկ հանած «ԵվրոԱսֆալտի» սեփականատերը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․

«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ եւս, որը, թերեւս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է:  

Սեպտեմբերին գրել էինք, որ Կ. Սիմոնյանի ղեկավարած ընկերությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում (ՓԲԸ-ն հիմնադրվել է 2020 թ. մարտին) ճանապարհների վերանորոգման 2 պայմանագիր է կնքել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) ու Ապարանի համայնքապետարանի հետ, որոնցից առաջինի արժեքը 356 մլն դրամ է (սկզբնապես եղել է 368 մլն, բայց հետո նվազեցվել է), երկրորդինը՝ 287 մլն, այսինքն՝ դրանց ընդհանուր գինը 643 մլն դրամ է: Տվյալները վերցրել ենք ֆինանսների նախարարության armeps.am գնումների համակարգից:

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի նորոգում «ԵվրոԱսֆալտի» կողմից, 2021 թ. սեպտեմբեր

Քանի որ այս համակարգում տվյալները շարունակաբար թարմացվում են, այս պահին armeps.am-ում առկա է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հետ կնքված 4 պայմանագիր, իսկ ընդհանրապես ընկերությունը, նույն կայքի համաձայն, մասնակցել է 14 մրցույթի, որոնցից 4-ում եղել է 2 չափաբաժին, այսինքն՝ եղել է  ընդհանուր 18 գնման առարկա: Ընդ որում՝ բոլոր մրցույթները կազմակերպվել են այս տարի:

Ասֆալտապատման աշխատանքներ Արթիկում, 2021 թ. նոյեմբեր

Պայմանագրերից 2-ը շինարարական ընկերությունը կնքել է ՏԿԵՆ-ի հետ, մյուս 2-ը՝ Արթիկի եւ Ապարանի համայնքապետարանների: Դրանց ընդհանուր գինը կազմել է 755 մլն դրամ (տես ստորեւ):

Ինչ վերաբերում է «ԵվրոԱսֆալտի» մասնակցությամբ նշված 14 մրցույթներին (18 գնման առարկայով), դրանցից 11-ը կազմակերպել է ՏԿԵՆ-ը, 1-ական՝ Արթիկի, Ապարանի, Աշտարակի համայնքապետարանները:

Չնայած armeps.am-ի տվյալներով՝ «ԵվրոԱսֆալտը» հաղթող է ճանաչվել 4 անգամ, ֆիննախից «ՍիվիլՆեթին» հայտնել են, որ այս ընկերությունը հաղթել է ՏԿԵՆ-ի կազմակերպած եւս 2 մրցույթում, որոնցից մեկում եղել է գնման 2 չափաբաժին, այսինքն՝ 3 գնման առարկա: Ընկերության այս հաջողությունների եւ համապատասխան պայմանագրերի վերաբերյալ armeps.am-ում դեռեւս չկա ինֆորմացիա, բայց հայտնի է, որ 3 գնման առարկայի համար «ԵվրոԱսֆալտն» առաջարկել է ընդհանուր մոտ 2,6 մլրդ դրամ գին, որի մեջ հարկերը ներառված չեն:

Համաձայնեք, որ 2 տարվա կյանք չունեցող ընկերության համար նման պայմանագրեր կնքելը լուրջ հաջողություն է: Ինչպես կասեր ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանը, այստեղ բանալին «մրցույթ» եւ «հաղթել» բառերն են: Բայց իրո՞ք այդպես է: Եթե Փաշինյանի թիմի կողմից 24-ժամյա ռեժիմով քննադատվող նախկին իշխանությունների օրոք պետգնումների եւ այլ ոլորտներում ուրիշ բանալի բառեր կային, օրինակ՝ «խնամի», «ծանոթ», «բարեկամ», արդյոք դրանք ներկայում վերացել են:

 

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ