news.am-ը գրում է․
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։
Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին։
Նշենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները: (Այս պահանջն արդեն իսկ կատարված է եւ նախագծում որպես թեկնածու նշված է Հրաչյա Սարգսյանի անունը):
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (ավագանին ունի 65 անդամ եւ իշխանական խմբակցությունն ունի մեծամասնության ձայներ, սակայն կան անդամներ, որոնք դեմ են այդ նախագծին եւ արդեն հայտնել են այդ մասին):
Նշենք, որ ավագանու ԲՀԿ խմբակցությունը միացել է անսվտահություն հայտնելու գործընթացին, իսկ «Լույս» խմբակցությունից գործխընթացին կողմ է արտահայտվել միայն Անի Խաչատրյանը:
Հրաչյա Սարգսյանն կենսագրությունն ի դեպ ներկայացնում ենք ստորև.
Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին, Երևանում:
1991-1999թթ. սովորել է հ.185 միջնակարգ դպրոցում:
1999-2001թթ. սովորել է ՀՊՃՀ հենակետային վարժարանում:
2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ:
2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ:
2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:
2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ:
2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ:
2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ:
Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:
2005-2009թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։
Ամուսնացած է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը