Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Օրինագծով պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի արժեքի 70 %-ից՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 80 %-ից՝ 2023 թվականի հունվարի 1-ից, 85 %-ից՝ 2024 թվականի հունվարի 1-ից, 90 %-ից՝ 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ սպառողական զամբյուղի արժեքից:
«Կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման խնդրի լուծումը հարկ է դիտարկել անհրաժեշտ ֆինանսական մեծ ռեսուրսներով ապահովվածության խնդրի լուծման համատեքստում։ Հակառակ դեպքում, կենսաթոշակների և նպաստների ավելացման չափերն ըստ տարիների օրենքով ամրագրելիս կարող է առաջանալ իրավիճակ, երբ օրենքի պահանջը օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել պետության սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորությունների պատճառով»,- ասվում է գործադիրի բացասական եզրակացության մեջ և առաջարկվում նախագծերով լրացվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ:
Կառավարության նույն նիստում հավանություն տրվեց ԱԺ նախագահի նոր թանկարժեք մեքենա ձեռք բերելուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը