Այն սահմանագիծը, որը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա էլ ունի դե յուրե նշանակություն միջազգայնորեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին, թե ո՞ր ճանապարհները պետք է ապաշրջափակվեն և ի՞նչ ժամկետներում։
«Տարածաշրջանի կոմունիկացիաների բացման արդյունքում Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի Հանրապետության տարածքով պետք է տրանսպորտային հաղորդակցություն ստանան Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլյային։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով պետք է երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք Ադրբեջանի տարածքով Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավտոմոբիլային ճանապարհ ունենալու անհրաժեշտություն չունենք և երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության հետ։ Ըստ էության՝ եթե Ադրբեջանը Նախիջևանի հետ է հաղորդակցություն ստանում ապա նաև Հայաստանի տարածքով ստանում է Թուրքիայի հետ հաղորդակցություն։ Այստեղ բալանսի խախտում ամենևին չկա։ Պարզվեց, որ Ադրբեջանը հաղորդակցության ուղիներ բացելով՝ նկատի ունի, օրինակ՝ հաղորդակցությունն օրինակ Գորիսի և Կապանի միջև Ադրբեջանի տարածքով։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք նման հաղորդակցություն ստանալու խնդիր չունենք, որովհետև դա մեզ համար տեխնիական հարց է և մենք հիմա նաև նոր ճանապարհ ունենք՝ Երևան Կապան և առաջիկա ամիսներին մենք կունենանք այլընտրանքային ճանապարհներ Ճակատենի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի համար, Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը»,- նշեց նա։
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու մինչև հիմա իրավիճակը հանգուցալուծված չէ։
«Ադրբեջանը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստանալու համատեքստում նկատի է ունենում Հայաստանի և Հայաստանի միջև համագործակցություն այնպիսի բանաձևերով ինչպիսին Կապան-Գորիս գոյություն ունեցած հատվածում է։ Եվ այս մեկնաբանությունը կապ չունի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տեքստերի հետ»,- ընդծեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ուսումնասիրել է դե յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու մասին։
«Այդպիսի դե յուրե փաստաթղթեր գոյություն ունեն, և որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում։ Երբ մենք ասում ենք, որ երեկվա իրադարձությունների թատերաբեմը Հայաստանի Հանրապետության տարածքն էր, մենք դա գիտենք նույն կերպ, ինչպես գիտենք, որ Էյվազլին և Չայզամին Հայաստանի Հանրապետության տարածք չեն։ Հայաստանի Հանրապետությունը անկախություն հռչակել է Հայաստանի սոցիալիստական Հանրապետության տարածքում և միջազգային հանրությունը Հայաստանին ճանաչել է որպես այդպիսին։ Հետևաբար՝ այն սահմանագիծը, որը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա էլ ունի դե յուրե նշանակություն միջազգայնորեն։ Սա է մեր ընկալումը և ռազմավարությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը չի ընդհատվել, այն ամենօրյա ռեժիմով է տեղի է ունենում։
«Այլ բան է, որ այս պահին կոնկրետ արդյունք հնարավոր չէ արձանագրել։ Երեք տարբեր հարցերը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները, դելիմիտացիան և դեմարկացիան ու Լեռնային Ղարաբաղի հիմանախնդրի կարգավորումը տարբեր հարցեր են և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ որ դրանք իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը