11 11 2021

Որոտանի դպրոցի ուսուցիչները 2 ու կես ժամ ուշացումով են Գորիսից հասել գյուղ․ News.am

Որոտանի դպրոցի ուսուցիչները 2 ու կես ժամ ուշացումով են Գորիսից հասել գյուղ․ News.am

News.am-ը գրում է․

«Սյունիքի մարզի Որոտան համայնքի դպրոցի ուսուցիչները, որոնց ավելի քան մեկ տասնյակը Գորիսից է, այսօր մեծ դժվարությամբ, մի քանի ժամ ուշացումով են հասել  աշխատանքի՝ օգտվելով գյուղի այլընտրանքային ճանապարհից։

«Մեծ մեքենա կա, որով սովորաբար գալիս ենք աշխատանքի բոլորով, բայց մեքենայով եկանք, ճանապարհի կեսից հետ գնացինք, որովհետեւ չէր կարող անցնել։ Հետո երկու տարբեր մեքենաներով՝  «Նիվայով» եւ «Ջիպով»մեր ուսուցիչներից մեկի եւ տնօրենի, եկանք։ Ճանապարհի վերեւները ցեխոտ ճանապարհ է, բայց լայնացրած է, կարողացավ մեքենան անցներ, բայց կեսից ներքեւ շատ վտանգավոր, անանցանելի ճանապարհ է, մենք մի կերպ եկել ենք, հասել դպրոց։ Ճանապարհը քարուքանդ է, ջուրն էլ  միջով գնում է»,–NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սուսաննա Սարգսյանը։  

Սուսաննա Սարգսյանի խոսքով՝ ուսուցիչներից շատերը դասեր չունենալու պատճառով այսօր Որոտան հասնելու կարիք չեն ունեցել,  սակայն անհրաժեշտության դեպքում մեծ խնդիր է լինելու, քանի որ իրենց տրամադրված մեքենայով հնարավոր չի անցնել այլընտրանքային այդ ճանապարհով, որն անցնում է Խոտ գյուղով։

«Հիմա որ շատանանք, չենք կարողանալու այդ երկու մեքենայում տեղավորվել։ Մեքենաներից մեկը մեր ռազմագիտության ուսուցչին է, որը ամեն իր դասի չի։ Այսօր դասի է եղել, իր մեքենայով եկել ենք մի մասը։ Մեզ պետք է մեծ մեքենա տրամադրեն, որ կարողանանք գալ։ Եթե մենք այլեւս չգանք, ամբողջ գյուղը կդատարկվի։ Երեխեքը դպրոցի համար կտեղափոխվեն։ Մենք եկել ենք, որ մարդիկ չգնան այստեղից»,– նշեց Սուսաննա Սարգսյանը։  

Ուսուցիչները հիմնական՝ Գորիս–Կապան ավտոճանապարհից օգտվել չեն ցանկանում։

«Ասեցին՝ ճանապարհը փակ ա, ադրբեջանցիները պետք ա անձնագրերը ստուգեն։ Նրանք ո՞վ են, որ մեր անձնագրերը ստուգեն, մենք կանայք են, արանքում էլ կարող է անձնագիր չունենանք, մի ավելորդ բան, ժեստ անեն։ Մեզ պե՞տք է նրանց անձնագիր ցույց տանք։ Նրանք ով են, որ մեր անձնագրերը ստուգեն»,– նշեց ուսուցիչը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը կեսգիշերից մաքսակետեր է տեղադրելու Գորիս–Կապան ավտոճանապարհին։  Հայաստանը նույնպես պատրաստվում է ճանապարհի այդ հատվածում  տեղադրել մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ