Նախարարի հրամանով սահմանված է, որ այն դպրոցները, որտեղ դասարանի 10 տոկոսի չափով կորոնավիրուսի դեպքեր կլինեն, կամ ուսուցչական կազմում կլինեն դեպքեր, այդ դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման ռեժիմին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք սրտի, համավարակը մտավ մեր կյանք, ու մենք որևէ ժամանակագրական պատկերացում չունենք՝ այն կավարտի՞ երկու ամսից, վեց ամսից, մեկ տարուց, երկու տարուց։ Եթե նախորդ տարի կտրուկ լոքդաունները արդարացված էին ու թույլ տվեցին մեզ առողջապահական համակարգերը բերելու պատրաստվածության աստիճանի, դրանք անընդհատ պահպանելը երկարաժամկետ առումով բավական վնասակար հետևանքներ է ունենում»,-ասաց Ավանեսյանը։
Նա նշեց, թե Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը իր ուղեցույցների մեջ նշել է, որ դպրոցների փակումը կամ կիսատ ռեժիմով վարումը պետք է հնարավորինս կարճ ընթացքներով իրականացնել, որովհետև կան երեխաների թե՛ հոգեկան առողջության, թե՛ զարգացման, թե՛ թերսնուցման ու մի շարք այլ խնդիրներ, որոնց վրա չի կարելի աչք փակել։
«Ես՝ որպես առողջապահության նախարար, հակված եմ, որ տոտալ լոքդաունները շատ էֆեկտիվ կարճաժամկետ արդյունք են ցույց տալիս, բայց մենք չունենք այդ ժամանակը։ Մեկ շաբաթ արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարաձգելը մեզ մի պահ հնարավորություն է տալիս մեղմելու իրավիճակը։ Այն դպրոցները, որտեղ կլինեն տեղական բռնկումներ, կգնան հեռավար ուսուցման կարգի, թիրախային մոտեցում կկիրառենք»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը