Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ջրի սակագինը կբարձրանա հունվարի 1-ից։ Նրա խոսքով Ջրային կոմիտեի հետ քննարկում է «Վեոլիա» ընկերության հետ երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։
«Նախատեսում է վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անել, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն։ Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը 10 տարվա ընթացքում կայուն կմնա։ Երբ ասում եմ կայուն, չի նշանակում հենց այդ թիվն է մնալու։ Հնարավոր է 1-2 դրամի տատանում լինի։ Ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ որոշակի կայունություն ունենանք»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։
ՀԾԿՀ-ն առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը նույնը թողնել, իսկ մյուս սպառողների համար սակագինը 20 դրամով բարձրացնել։
Նշենք, որ այժմ գործող սակագինը 180 դրամ է, իսկ այժմ առաջարկվում է դարձնել 200 դրամ։
Ինչ վերաբերվում է Էլեկտրաէներգիայի և գազի սակագների թանկացման մասին շրջանառվող լուրերին Գարեգին Բաղրամյանը որոշակիացված պատասխան չտվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը