20 09 2024

Ինչո՞ւ է հոսանքը պարբերաբար անջատվում․ ՀԾԿՀ նախագահի պարզաբանումը

Ինչո՞ւ է հոսանքը պարբերաբար անջատվում․ ՀԾԿՀ նախագահի պարզաբանումը

Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է։ Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 2016–2023թթ. նախատեսվածի նկատմամբ 65 մլրդ-ով ավելի քիչ ներդրումներ են իրականացվել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հայտնեց, որ 2016-22 թվականները ներառյալ պետք է լիներ 233 մլրդի ներդրում, որի կեսը՝ ուղղվեր սպասարկման որակի բարելավմանը:

«Նախատեսված 233 մլրդի դիմաց փաստացի 230 մլրդն է իրականացել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: 65 մլրդով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Այսպիսով, սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսված 133.7 մլրդի դիմաց ներդրվել է 68.7 մլրդ»։

Թերացման պատճառներից մեկը, ըստ ՀԾԿՀ նախագահի, մեծ թվով նոր սպառողների միացումն է, որը նախատեսված 28 մլրդի փոխարեն պահանջել է 66.6 մլրդ դրամ։ Բացի այդ, ՀԷՑ-ը սպասարկման որակին ուղղվող ներդրումների հաշվին իր ներդրումներն ուղղել է առևտրային հաշվառման համակարգի բարելավման ուղղությամբ:

«Մեր կարծիքով, ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք հոսանքի հաճախակի անջատումների համար, համակարգի մաշվածությունն է: Փաստորեն, ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել», ասաց Գարեգին Բաղրամյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ