S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական» նախկին «կայունի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը:
Ամերիաբանկին տրված այս վարկանիշը ևս մեկ անգամ վկայում է Բանկի կայունության, ճանաչելիության, գործընկերների և հաճախորդների շրջանում ունեցած վստահության և պրոֆեսիոնալ կորպորատիվ կառավարման մասին:
Ամերիաբանկի վարկանիշի վերանայմանը նախորդել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերանայումը. S&P գործակալությունը Հայաստանին շնորհել է «B+» երկարաժամկետ սուվերեն վարկանիշը` դրական հեռանկարով: Սա վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետությանը շնորհած առաջին սուվերեն վարկանիշն է:
Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) «bb-» ցուցանիշը մեկ քայլով բարձր է երկարաժամկետ «B+» վարկանիշից, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկունակությամբ:
Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը «կայունից» «դրականի» պայմանավորված է 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսության զգալի կայունացմամբ: S&P-ն բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճի տեմպի կանխատեսումը. 2021թ. համար կանխատեսվող աճը կազմում է 6.3%, իսկ 2022-2023թթ.` միջինում 4.3%: S&P-ի կարծիքով, Հայաստանում մակրոտնտեսական և հարկաբյուջետային միջավայրի կայունացումը պետք է նվազեցնի Հայաստանի բանկային համակարգում առկա ռիսկերը և ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի Ամերիաբանկի գործունեության և ֆինանսական դիրքի համար` նպաստելով նոր բիզնես ուղղությունների ընդլայնմանը և ակտիվների որակի բարելավմանը:
S&P վարկանիշային գործակալության գնահատականի համաձայն, Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքերը պահպանելու լավ հնարավորություններ ունի` մակրոտնտեսական աճի հեռանկարների, տեղական շուկայում բանկի ճանաչելիության, պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմի, թվայնացման համապարփակ ռազմավարության և պատշաճ կորպորատիվ կառավարման շնորհիվ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը