7or.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանը փայ մտավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Պաշտոնապես հայտարարվեց, որ կոմբինատի նոր փայատերը ընդհանուր փայերի 15 տոկոսի չափով նվիրատվություն է արել վարչապետի աշխատակազմին, բայց ուղեղ ունեցողների համար պարզ է, որ տեղի է ունեցել փայամտություն։ Նիկոլը փայ է մտել։
«Հպարտ» քաղաքացուն, բնականաբար, կներկայացվի, որ կոմբինատի 15 տոկոս փայը «վերադարձվել է ժողովրդին», բայց նման բան չկա։ Ժողովուրդը դրանից ոչինչ չի ստանալու։
Նիկոլն ընդդիմադիր աշխատելու տարիներին քննադատում էր, թե բա մոլիբդենայինում նախկին իշխանությունը փայ ունի։ 2018–ից հետո փնտրեցին ու չգտան այդ փայերը, բայց փոխարենը պաշտոնապես հաստատվեց, որ Նիկոլն է փայ մտել մոլիբդենայինում ու տիեզերական մասշտաբի փող է «քերելու»՝ «հպարտ» քաղաքացիների հիացական հայացքների ներքո։
«Հպարտ» քաղաքացունն այլ փայ է։ Թոշակները բարձրացնում են մի ամբողջ․․․ 2.100 դրամով և առաջարկում ուրախանալ։ Իրենք իրենց հարյուր հազարավոր ու միլիոնավոր դրամների պարգևավճարներ են բաժանում պետբյուջեի հաշվին, իսկ թոշակառուին առաջարկում են ուրախանալ 2.100 դրամով։ Եվ դա այն դեպքում, երբ գներն անցած տարվա համեմատ երկնիշ աճ են գրանցել։ Գներն իրենց «փայն» են տանում, ու «հպարտ» քաղաքացուն մնում է Նիկոլի դեմագոգիայով կշտանալը։
Իսկ այն, որ գները լուրջ փայ են մտնում աղքատների գրպանում, փաստ է։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչների գներն աճել են 15,4 տոկոսով։ Հագուստի ու կոշիկի գները՝ 12,4 տոկոս։ Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրանքը՝ 9,3 տոկոսով։ Տրանսպորտը՝ 8,8 տոկոսով և այդպես շարունակ։
2020–ի հունվար–սեպտեմբերին գներն այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս էին 6,7 տոկոսով։
Մի խոսքով՝ մարդկանց ապրուստը թանկացել է, կյանքը՝ էժանացել, գներն՝ աճել, «հպարտներն»՝ աղքատացել, Նիկոլը՝ փայ մտել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը