11 ամիս է անցել պատերազմից, մինչ օրս զոհվածների ԴՆԹ նույնականացում են անում, առողջապահության նախարարությունը չի կարողանում համակարգել այդ հարցերը: Այսօր այս մասին ասուլիսում փաստերով հայտնել են զոհվածների ու անհետ կորածների ծնողները:
«Որդուս ԴՆԹ-ն համընկել էր, բայց ինձ 20 օր հետո էլ դեռ պետությունից լուր չէին տվել, ի վերջո հարազատ-բարեկամներս են ստիպված ինձ հայտնել: Ու էսպիսի դեպքերը շատ շատ են:
Ես մի օրվա մեջ 106 մարմին եմ ուսումնասիրել: Դա ահավոր հոգեվիճակ է, մարդ կարող է խելագարվել:
Տվյալները գալիս են, մարդկանց չեն ասում, դեմքով ճանաչելի զոհվածին ԴՆԹ-ով են ճանաչում: Գոնե այս հարցում մարդկային մոտեցում ցուցաբերեք»,- իր մաշկի վրա զգացածը փոխանցել է լրագրողներին Ստեփանակերտի Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը:
Ասում է՝ ընդհուպ դեմքով ճանաչելի զոհվածների մարմինները թողնում են ամիսներով, հետո՝ ԴՆԹ-ով են ճանաչում:
«Բազմիցս խնդրել ենք լուսանկարել դիակները, ուղարկել քննչական, որ Ղարաբաղից մարդիկ չգան մորգերով փնտրեն: Խնդրել ենք կենտրոններ ստեղծել, մարդիկ գան լուսանկարները տեսնեն, չարեցին, մենք ենք գաղտնի նկարներ միմյանց փոխանցել, ինքնակազմակերպվել ենք՝ ստիպված»,-զայրացած ասել է Արմեն Ասրյանը:
Նա պատմեց, որ երեքուկես ամիս էր մնացել, որ որդին ավարտեր ծառայությունը: «Տեսագրություն հայտնվեց, և ես տեսա, որ իմ որդին էլ է զոհվել: Հանդիպումների ժամանակ էլ երեխաները հաստատեցին, որ նա գնացել էր առաջ, կրակում էր ու տեսել են՝ ինչպես է ընկել: Որդուս մարմինը գտել եմ զոհվելուց 50 օր հետո, անճանաչելի էր, ԴՆԹ նույնականացում եղավ»,- ասաց Ա. Ասրյանը:
«Իմ որդու հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, հետո հեռախոսային կապը խզվեց, որովհետև վնասվել էր հեռարձակող կայանքը: Երեկոյան ժամը 7.30-ի կողմերը խոսել եմ դիվիզիոնի հրամանատարի հետ, ով խուճապահար ձայնով ասում էր՝ մեզ կոտորում են, եկեք փրկեք: Մի քանի հոգու զանգեցի, վերջապես մեկը վերցրեց և պատմեց, թե ինչ է տեղի ունեցել»,- ասուլիսում ասաց
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը