18 08 2021

Ռուս խաղաղապահները վարժանքներ են անցկացնում Արցախում

Ռուս խաղաղապահները վարժանքներ են անցկացնում Արցախում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայող Իվան Զոլոտարյովը պատմել է իր ծառայության մեկնարկի, Արցախում դիտորդական առաքելություն կատարելու, կենցաղի և հանգստի մասին:

Նա ժամկետային ծառայության է անցել 2017- ին և պայմանագիր կնքել կես տարի անց։ Այս տարվա հունվարին իմացել է ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում Լեռնային Ղարաբաղ գործուղվելու մասին։ Որոշել է կամավոր գործուղվել։ Նախապատրաստությունը 3 ամիս է տևել։

«Մեր ԶՈւ–ն հասարակության մեջ ասոցացվում է հետևյալ արտահայտությամբ` որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,- ասել է Զոլոտարյովը:

Հասնելով Լեռնային Ղարաբաղ՝ զարմացել է ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում հատուկ առաջադրանքների կատարման համար ստեղծված պայմաններից, հանգստի նպատակով կազմակերպված սոցիալական ապահովության մակարդակից ու սպորտով զբաղվելու հարմարություններից։

«Հարազատներս դրական են վերաբերվում իմ մասնագիտության ընտրությանը, ծնողներս հպարտանում են, որ այսքան տարի բանակում եմ ծառայում։ Հայրս զինվորական է, պապս էլ է զինվորական եղել։ Ինձ աջակցեցին Լեռնային Ղարաբաղ գործուղման մեկնելու ընտրության հարցում։ Տեղի բնակչությունը մեզ հարգանքով է վերաբերվում։ Ինքս եմ բազմաթիվ անգամ երախտագիտության խոսքեր լսել տեղի բնակիչներից, որ մենք խաղաղություն ենք ապահովում իրենց տարածքում», - ասել է Իվանը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը զինված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքների կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ, ժամանակակից պայմաններ:

Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ