Փաստաբանների պալատը դատապարտում է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենային պայթեցնելու դեպքը: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից:
«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների՝ 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին:
ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը»,- ասված է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը