Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց ՀՀ ԱՆ ժպ Ռուստամ Բադասյանի միջնորդությունը և վերջինիս կողմից նախաձեռնված վարույթի շրջանակներում որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ որպես տույժ հայտարարել նկատողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ խոսքը դատավոր Գրիգորյանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության ընթացքում իբրև թե հիմնավոր կասկածի պատճառաբանվածության շեմը անցնելու մասին էր, մի շեմ, որը ուղղակիորեն օրենսդրությամբ նախատեսված չէ...
Ինչպես որ նախկինում, վերահաստատում եմ իմ դիրքորոշումը այն մասով, որ նշվածը ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն Դատավորի անկախությանը ու գործունեությանը, քողարկված ազդակ նաև մյուս դատավորների համար:
Հատկանշականը այն է, որ սույն որոշման կայացմանը իրավացիորեն դեմ էին քվեարկել միայն երկու քրեական մասնագիտությամբ, պրակտիկ և բանիմաց դատավորներ' պ-ն Մակյանը և պ-ն Չիչոյանը, կարծում եմ պարզից էլ պարզ է, թե ինչու է այդպես տեղի ունեցել:
Մասնավորապես կարծում եմ որ վերջիններս իրենց գործունեության ընթացքում պարբերաբար առճակատվում են նշված հարցին և քաջատեղյակ են նշված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ չափորոշիչներ սահմանված չլինելու հանգամանքին, ինչը սակայն չեմ կարող նշել իրավաբան գիտնականների ու քաղ.մասնագիտացմամբ դատավորների վերաբերյալ, ովքեր պըակտիկայում երբևէ նշված հարցին չեն առճակատվել:
Ամեն դեպքում կարծում եմ, որ նշված որոշումը իրավական աշխարհում ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել... ինչպիսի հետևանքներին դեռ ականատես կլինենք մոտ ապագայում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը