2020 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում ՀՀ-ում մահացել է 2000-2002 թվականներին ծնված 1250 արական սեռի ՀՀ քաղաքացի։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Այսպիսով՝ 2020-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում մահացել է 2000-2002 թվականներին ծնված 161 արական սեռի ՀՀ քաղաքացի։
Այսպիսով՝ 2020-ի երրորդ եռամսյակում մահացել է 2000 թվականին ծնված 44 արական սեռի ՀՀ քաղաքացի, 2001 թվականին ծնված 95 քաղաքացի, 2002 թվականին ծնված 22 քաղաքացի։
2020-ի 4-րդ եռամսյակում՝ մահացել է 2000-2002 թվականներին ծնված 1089 արական սեռի ՀՀ քաղաքացի։
Այսպիսով՝ 2020-ի չորրորդ եռամսյակում մահացել է 2000-ին ծնված 345, 2001-ին ծնված 551, 2002-ին ծնված 193 արական սեռի ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմը սկսվել էր 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ տարվա երրորդ եռամսյակի ավարտին, հրադադարի հայտարարությունն ընդունվել էր 2020-ի նոյեմբերի 9-ին։
Նշենք, որ մինչ այսօր չկան վերջնական տվյալներ 44-օրյա պատերազմի զոհերի, անհետ կորածների, գերիների թվերի վերաբերյալ։ 2021-ի հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3700-ին մոտ է, կարող է հասնել 4000-ի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը