Թեև ընտրությունները մի քանի ժամ է, ինչ սկսվել են, բայց կան բազմաթիվ խախտումներ. Արդեն խայտառակ քանակությամբ ահազանգեր ենք ստանում, ես նման բան չեմ հիշում, որ ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ անց այս քանակությամբ ահազանգեր ստանանք: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Ընտրությունների վերահսկման կոմիտե նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց մի քանի համակարգային խախտումների մասին, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա. «Ուղղություն առաջին. Բազմաթիվ տեղեկություններ են ստացվում զինծառայողների ուղղորդված քվեարկության վերաբերյալ»,ասաց նա՝ հավելելով, որ Մեհրաբի զորամասի հրամանատարն ուղղորդում ու վերահսկում է զինծառայողներին, որպեսզի նրանք քվեարկեն իշխող ուժի օգտին:
«Երկրորդը այն խայտառակ հակաքարոզչությունն է, որ մենք տեսանք ամբողջ քաղաքով մեկ ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի ղեկավարի պատկերով: Բազմաթիվ տեղեկություններ ենք ստանում, որ դրանց մասնկից են եղել ոչ միայն իշխող ուժի ներկայացուցիչները, այլեւ օգտագործվել են գիշերային հավաքարարները»,-ասաց նա:
Որպես խախտում նա նշեց Սիսիանում «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին բերման ենթարկելու դեպքերը. «Խայտառակ դատական որոշմամբ բացարձակապես անհիմն խուզարկություններ են լինում, հիմա էլ բերում են Երեւան՝ բացատրություն տալու: Ասում են՝ իբր տպագրական սարք են որոնում: Եթե դա չի հայտնաբերվում, նշանակում է, որ սա սարքած բան էր ուղղակի խոչընդոտելու ընդդիմության աշխատանքը Սյունիքի մարզում:
Հաջորդը, քվեաթերթիկների հետ կապված ահազանգերն են, որ չեն տրամադրում առանձին ուժերի քվեաթերթիկները ընտրողին, կամ չնախատեսված նշումներ են լինում այդ քվեաթերթիկների վրա»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Վերջում Մելիքյանը եզրափակեց Նոր Կյանք գյուղի ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպից: Ըստ նրա՝ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն ու իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ըստ հանձնաժողովի անդամի, գնացել են ընտրատեղամաս ու վիճաբանություն են հրահրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը