23 04 2021

Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու

Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․

«Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հարուցում են մեր ժողովրդի արդարացի զայրույթը։ Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու, մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը ոտնահարելու փորձեր կատարելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու։ Բաքվի քաղաքական վարքը, ինչը մեծապես ազդված է Թուրքիայի կեցվածքից, անվերադարձելիորեն հատում է բոլոր կարմիր գծերը՝ ստիպելով մեր ժողովրդին միավորել ուժերը՝ ապահովելու հայրենիքի անվտանգությունն առկա սահմանների անձեռնմխելիությունը։ Ադրբեջանաթուրքական սպառնալիքները լիովին տեղավորվում են նաև ցեղասպանական մտադրությունների համատեքստում՝ արտահայտվելով հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու և վերջինիս տիրանալու անթաքույց նկրտումներով։

Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտությունից բարդույթավորված՝ Ադրբեջանի պահվածքը հիշեցնում է ոչ թե պատերազմում հաղթանակած կողմի, այլ մարդկության նկատմամբ հերթական հանցագործությունից իրականության զգացումը կորցրած սուբյեկտի։ 

Վերջերս Բաքվում բացված «ռազմական ավարի պուրակը» մարդատյացության և բանականության խեղման այնպիսի մի դրսևորում է, որպիսին քաղաքակիրթ աշխարհը չի տեսել սկսած դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսից, երբ նորագույն ժամանակաշրջանի բռնատիրությունների կործանումից հետո, նոր թափ առան ազգային-ազատագրական շարժումները։

Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առևտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ հավակնությունները, մեր ժողովրդի կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգությունները, ինչպես նաև թորւք-ադրբեջանական բարձրագույն մակարդակից հնչեցված սպառնալիքները գալիս են փաստելու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև շարունակական թշնամանք երաշխավորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը։

Ստեղծված ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակի և դրանում Թուրքիայի առանցքային դերակատարության կապակցությամբ, արդեն իսկ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես համաշխարհային հանրության հետ։

Ադրբեջանի բռնապետին խստորեն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ. մարդկության պատմության գրեթե բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։

Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, հետևաբար՝ շարունակելու ենք հանուն Արցախի վերականգնման և Հայաստանի արժանապատվության հայության արդար պայքարը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ