31 03 2021

Ծերատան հանգուցյալը չի հուղարկավորվել 8 օր, տնօրենն ազատման դիմում է գրել

Ծերատան հանգուցյալը չի հուղարկավորվել 8 օր, տնօրենն ազատման դիմում է գրել

Մարտի 22-ից Երևանի  Թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն դարձած Կոլյա Մակարյանն իր նշանակումից հետո տասն օրվա ընթցքում 3 անգամ փոշմանել և ազատման դիմում է գրել, փաստորեն՝  չի կարողանում իրավիճակի տերը դառնալ, այս մասին Yerevan.Today-ին հայտնեցին ծերատնից:

Ավելի աբսուրդ է այն, որ նորանշանակ տնօրենը տասն օրում մի հանգուցյալի անգամ չի կարողացել թաղել․ ծերատան մահացած շահառու Վարյա Կյուրեղյանը 8 օր  շարունակ մնացել է դիահերձարանում, 79 ամյա շահառուին մի կերպ  հուղարկավորել են անցած շաբաթ օրը՝ մարտի 27-ին, մինչդեռ  նրա մահը գրանցվել էր 19.03.2021-ի ամսաթվով:

Yerevan.Today –ին տեղեկատվությունը հաստատեց ինքը՝ տնօրեն Կոլյա Մակարյանը՝ այս քաոտիկ վիճակը պատճառաբանելով ծերատան կադրային կրիզիսով․ ասում է՝ սոցաշխատող չկա, որ էդ մահացածի թղթաբանությունը գրագետ կազմակերպի:

Իսկ այս ծերատանը խնդիրներ առաջացան հենց իր նշանակումով․ հիշեցնենք՝ Կոլյա Մակարյանի նշանակման դեմ բողոքի ակցիաներով ընդվզում են բոլորը՝ շահառուից աշխատակազմ: Վարչական աշխատողները նրան դիմավորել են 14 ազատման դիմումներով  ու ևս 10 աշխատակից միաժամանակ արձակուրդ է մեկնել՝ փաստի առաջ կանգնեցնելով նոր տնօրեին, իսկ 201–ից 81 շահառու ստորագրությամբ հայտարարել է, որ մերժում է Սոցապ նախարար Մեսրոպ Առաքեյանի կամայական նշանակումը և պահանջում է նախկին տնօրեն Վահան Զուրաբյանին վերադարձնել իր պաշտոնին:

Բայց  խիստ ուշագրավ է այն, որ Սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանն իր  նշանակած կադրից գոհ չէ, մի ամբողջ  շաբաթ նախարարության հանձնախումբ է գործուղել այստեղ՝ իրավիճակը կարգի բերելու, չհաշված Նորքի տուն ինտերնատի վարչական մասը․ բայց փաստացի նախարարը նաև հետ քայլ չի անում:

Տնօրենի ժ/պ Կոլյա Մակարյանին չի հաջողվել կրքերը հանդարտեցնել, իր նշանակման դեմ ընդվզողներին համոզել, որպեսզի վերադառնան և ազատման դիմումները հետ վերցնեն: Փոխարենը նախարար Մեսրոպ Առաքելյանն է ավելի մարտական տրամադրվել,  ընտրել է շանտաժի միջոցը՝ զանազան ձևերով ճնշումներ է բանեցնում իր նշանակումը բոյկոտողների վրա: 

Այսօր հայտնի դարձավ, որ նախարար Մեսրոպ Առաքելյանը, որ երեք անգամ հարկադրաբար իր մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրել՝ Թիվ 1 տուն-ինտերնատի քաոտիկ վիճակի պատճառով:

Մինչ այդ՝ Կոլյա Մակարյանի ֆունկցիաների կատարումը հանձնառությամբ իր վրա էր վերցրել  Նորքի տուն ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը, որին որպես պարգևատրում՝ խոստացել էին գործարքի գնալ՝ երկարաձգել մարտի 25-ին լրացած պայմանագրի ժամկետը և երեք տարով, եթե ամեն բան կարգի բերի Թիվ 1-ում, չնայած հետգայում պարզվել է, որ Նորքի ծերատան տնօրենին էլ են «քցել», նրա պայամանագրի ժամկետը  ամիսներով է լրացվել:

Արդյունքում դժգոհ են բոլոր կողմերը՝ շահառու, տնօրեն, վերադաս...Բայց այս քաոսից բավարարված է նախարար Մեսրոպ Առաքելյանը․ նա  համառորեն զենքերը վայր չի դնում միայն այն պատճառով, որ  երկու խոշոր ծերատների առջևում սպասվող միաձուլման խայտառակ նախագիծը գլուխ  բերի:

Yerevan.Today-ը ավելի վաղ գրել էր,  որ Նորքի ծերատան շենքը մտադիր են օտարել, որպեսզի վաճառեն Վիվառո բուքմեյքերական ընկերության սեփականատերեր Բադալյան Եղբայրներին, իսկ այդ նպատակի համար զուտ ֆորմալ՝  ծերատների միաձուլման նախագիծ է կարվել-դրվել:

Հ.Գ.

201 շահառու ունեցող Թիվ 1 ծերատան նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը, որի աշխատանքից ակնհայտ գոհունակությամբ խոսում են նախարարության  ներսում, նաև նրա ենթականերն ու 200 շահառուները, անսպասելի ազատվել է աշխատանքից՝ այս ոլորտի նախկին նախարար Մանե Թանդիլյանի հետ ունեցած հին վրեժի պատճառով: Մամուլում այս երկու «հերոսների» մասին բազմաթիվ հրապարակումներ կան, այդ թվում՝ Datalex.am-ում:

Բանն այն է, որ Վահան Զուրաբյանի և Մանե Թանդիլյանի միջև երկարատև ձգվող հակամարտության պատճառը  դարձյալ Զուրաբյանի ապօրինի պաշտոնանկությունն է եղել:

Սոցապ նախկին նախարար Թանդիլյանը այս պաշտոնում իր դասընկերոջն է ցանկացել նշանակել, մինչդեռ Վահան Զուրաբյանն այն ժամանակ դատարանով վերականգնվել է Թիվ 1 ծերատան տնօրենի պաշտոնում և անգամ դատարանով հարկադրել է Մանե Թանդիլյանին վճարել իր կրած բարոյական վնասի ֆինանսական հետևանքները:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ