Երեկ՝ մայիսի 4-ին, ԱԺ –ում, Նիկոլ Փաշինյանի այցից ժամ առաջ, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հապճեպ փակ նիստ էր հրավիրել։ Փորձեցի 334 սենյակ շտապող ՔՊ-ական պատգամավորներից մեկնաբանություն ստանալ` ի՞նչ օրակարգով է հրատապ հանդիպում նշանակվել` իրենց հետագա ճակատագրի, անելիքների՞, թե մեր` քաղաքացիների ճակատագիրը որոշելու հարցով։ ԱԺ երկու փոխնախագահներից հետո մոտեցավ «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հեռախոս ու միկրոֆոն խլելու հակում ունի։ Դիմեցի նույն հարցով իրեն նաև։ Պատգամավորը, ատամներն իրար կցած, ինչ որ բան շշնջաց նյարդային տոնով ու խլեց հեռախոսս։
Իսկ հետո, երբ երկրորդ ձեռքս մեկնեցի՝ այն հետ վերցնելու, բռնունցքների մեջ առավ ձեռքերս ու ագրեսիվ, ինչ-որ բան մրթմրթալով, մատներս հակառակ ուղղությամբ ծալելով, սկսեց ճզմել ձեռքերս՝ ցավալու աստիճան։ Հասկացա, որ անջատված է հեռախոսս, կանչեցի գործընկերներիս, որ ձեռքերս ազատեմ հիստերիկ պատգամավորի բռերի միջից ու բղավոցով պահանջեցի հեռախոսս վերադարձնել։ Պատգամավորը, նյարդային շարժումներով, հրեց ինձ ու մի քայլ հետո, երբ հասկացավ՝ նկարահանում են գործընկերներս, հեռախոսս իսկույն վերադարձրեց։
Նույն պատգամավորի հետ երկրորդ անգամ կոնֆլիկտի փաստով չեմ փորձի նորից մտնել դատարան ու անիմաստ նորից ներողամիտ դատավորների հետ կռիվ տալու շրջափուլն անցնել։ Վստահաբար, փոխվում է իրադրությունը, իշխանությունն է փոխվում, ու դրանից էր, թերևս, խիստ լարված ու նյարդերի կծիկ դարձել։ Վստահ եմ, որ իրավիճակը շուտո կփոխվի, և սույն պատգամավորը կստանա իր այս ու շատ ավելի հանցավոր արարքների իրավական պատիժը։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը