28 02 2021

Փաշինյանը կառավարական շենքում բուռն գիշեր է անցկացրել

Փաշինյանը կառավարական շենքում բուռն գիշեր է անցկացրել

Երեկ ուշ գիշերին Կառավարության շենքը նորից վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակի։ Yerevan.Today-ին ներսից տեղեկացրին, որ կուսակցապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրից ԳՇ պետի ազատման հարցով իրեն դրժելու «բոթը» ստանալուց հետո ընկել է ցայտնոտի մեջ։ Ասում են՝ մինչև վերջին պահը Փաշինյանը վստահ է եղել, որ Նախագահը ենթարկվելու է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու իր պահանջին, սակայն նախագահի կոշտ արձագանքն ստանալուն պես ոստիկանական խմբերի հսկողությամբ Կառավարության շենք են շտապել ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը իշխանական Իմ քայլը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սկզբում միայն Ալեն Սիմոնյանն է համարձակվել մտնել Փաշինյանի մոտ, մյուս երեքը, ավելի ուշ իրենց միացած քայլական որոշ պատգամավորների հետ, վախեցած սպասել են Կառավարության աշխատակազմի ղեկավարի սենյակում, մինչև կուսակցապետ-վարչապետի հախուռն էմոցիաները կհանդարտվեն։

 Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին հրահանգել է բոլոր ռեսուրսները ներդնել՝ մարտի 1-ի ողբերգական տեսարանների հիշողությունները մարդկանց մեջ արթնացնելու համար, ասել է՝ մենք պիտի ամեն ինչ անենք, որ Բաղրամյանում ցուցարարների մոտ հավաքվող քաղաքացիները 13 տարի առաջվա հիշողություններից վախենան։ Նաև հստակ ցուցում է տվել՝ ինչպես աշխատել մարտի 1 ի օրը՝ իրենց կառավարման տակ գործող ԶԼՄ ների հետ։

Փաշինայանը չի թաքցրել, որ Բանակի ներսից ու Արցախից վատ ազդակներ է ստանում, բայց իր խոսքում հատուկ անդրադարձ է արել Սյունիքում իր դեմ կազմակերպված հանրահավաքներին՝ նշելով, որ պետական համակարգիպառակտումից պետք է խուսափել ինչ գնով լինի։

Մարտի 1-ի հիշողությունները սգո երթով ու մեծ հանրահավք կազմակերպելու գաղափարին դեմ  է արտահայտվել թիմի մեծ մասը՝ պատճառաբանելով, որ վախենում են բախումներից ու երկիրը նոր ցնցումների տանելուց։ Ավելին, խիստ ուշագրավ է, որ վարչապետի թիմակիցների  մի մասը 180 աստիճան փոփոխված դիրքորոշում է հայտնել առ այն, որ փաստացի  նրա կառավարման տակից դուրս եկած բանակը պարտադրում է երկու օրակարգ՝ ընտրությունների նշանակում կամ հրաժարական առանց ձգձգելու։ Փաշինյանը գժվել է թիմակիցների ռեակցիաներից և ասել է, որ այսպես «կձգի» այքան, մինչև որ ընդիմադիրներին պասերով սպասարկող օլիգարխների փողերը վերջանան, ցրվեն տներով։ Ասել է՝ չպիտի թույլ տանք բանակի  գեներալները իրադրության տերը դառնան։ Սակայն Մակունցը Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանի թևը պնդել են որ այլև ընտրությունը անարյուն կամ բախումներով հեռանալու տարբերակների մեջ է, այլ ելք իրենք չեն տեսնում ։

Հանդիպումն ավարտվել է բուռն բանավեճերով ու, երբ քայլականները մեկը մյուսից անկախ, տարբեր պահերի որոշել են լքել վարչապետի սենյակը, նա նորից միացրել է հեռախոսը և փաստորեն թիմի կամքից անկախ՝ հերթական հանրահավաքի մասին գրառումն է արել։

Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ մեծ թվով իմ քայլական պատգամավորներ արդեն իսկ ազդակներ են տվել, որ չեն պատրաստվում երկուշաբթի մասնակցել Փաշինյանի բեմադրած մարտիմեկյան հանրահավաքին, մինչդեռ նրանցից ակնկալվել է պարտադիր մասնակցություն, այդ թվում՝ ընտանիքի անդամների և  հարազատների հետ միասին։ Սրանով  մի շարք պատգամավորներ խիստ ժամանակավրեպ փորձելու են մաքրվել ու ցույց տալ հանրությանը, թե իբր մերժում են Փաշինյանի հրահրած լարումներին գնալու սցենարը։ Բայց նրանք, մեր տեղեկությամբ, հայտարարություններ չեն անի, վախենում են գործատու Փաշինյանի դաժան պատժին արժանանալ։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ