19 03 2021

Ծերատները թաքուն միաձուլում են.  Բունտ է հասունանում սոցապնախարարությունում

Ծերատները թաքուն միաձուլում են.  Բունտ է հասունանում սոցապնախարարությունում

Այսօրվանից Կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել ծերատների միավորման աղմկահարույց նախագիծը, որի մասին ավելի վաղ գրել էր Yerevan.Today-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Փետրվարի 22-ին Yerevan.Today-ին հայտնի  է դարձել, որ նախորդ  գիշեր Կառավարությունում հերթական աբսուրդային  որոշումն էր կայացվել. հապճեպ դատարկել Երևանի Նորքի ծերատունը, ծերերին անաղմուկ տեղափոխել այլ վայր, կրճատել աշխատողների թիվը, և վերակազմավորման քողի տակ կազմակերպել Նորքի տուն-ինտերնատի պետգույքի վաճառքի հանելու հետագա գործողությունները:

Ընդ որում,ստացված թարմ տվյալներով՝ այս ամբողջ գործընթացի հետևում շոշափվում է «Վիվառո» բուքմեյքերական ընկերության անունը: Մասնավորաբար, խոսվում է այն մասին, որ Վահե և Վիգեն Բադալյանների հետ է ստվերային պայմանավորվածություներ ձեռք բերվել Նորքի տուն-ինտերնատի շենքը գործարար եղբայրներին հանձնելու համար: Ընդգծենք, սրանք այն գործարար եղբայրներն են, որոնց անունները բազմաթիվ անգամներ են շրջանառվել մամուլում և պատգամավորների շուրթերով առ այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ բուծել են  իշխանության համար ծառայող  ֆեյքային ֆաբրիկաներ  և դրանց ծախսերն իբր իրականացվում են Վիվառոյից գոյացած բիզնեսեկամտի հաշվին:

Ահա այս տեսքով նախագիծը այսօրվանից միջկառավարական օղակում դրվել է քննարկման:  Մանրամասներին հետագայում կադրադառնանք: Հարկ է ընդգծել, որ այս ամբողջն արվել է առանց պայմանների պատշաճ դիտարկման, առանց քննարկումների՝ շահառու ծերերի թիկունքի հետևում, և հատուկ ընտրվել են ժամկետները՝ երկու ծերատների տնօրեններն այս շաբաթ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը առանց հանդիպումների հրաժարվել է շարունակել աշխատանքը Թիվ 1 ծերատան տնօրեն Վահան Զուրաբյանի և Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ, պատճառը փաստացի այս կեղտոտ խաղերն են, ոլորտի հնաբնակները հեղափոխական նախարարին կխանգարիեն․ թերևս այդ պատճառով էլ Մեսրոպ Առաքելյանը ազատվել է նրանցից:

Եվ հիմա ստացվում է հետևյալը՝ ֆեյքային ֆաբրիկաների «պրոդուկտիվ հայհոյանքներից»  գոհացած իշխանությունը որոշել է հատուցել  գործարարներին՝ ահա այսքան թանկ գնով՝ պետության գույքով և ծերատների 400 շահառուի կյանքի որակի հաշվին:Արդյունքում, 200+210 տարեցների խնամքով մեկ վարչական կոլեկտիվ կզբաղվի՝ միևնույն շենքում: Մոտավորապես, այսպես են պայմանավորվել ձևակերպել Նոքի տուն-ինտերնատը ցրելու ելքերը:

Բանն այն է, որ նոր նախագծով՝ «Երեվանի թիվ  1 տուն-ինտերնատ» և «Նորքի տուն-ինտերնատ»  ծերատներն իրար միացնելով՝ հեղափոխական կառավարությունը կհամոզի, թե ծախսերի կրճատման է գնացել, մինչդեռ իրականում  թիրախային խմբի շահառուներին, այն էլ կորոնայի շրջանում, գերկենտրոնացնում են մեկ ծերատան շենքում:

Հաղթանակ գյուղի տարածքում  գործող «Թիվ 1 տուն-ինտերնատը» տարածքի առումով լրիվ անհնար է դաձնում այդ անհամատեղելիությունը, բացի այդ՝ սա թույլատրելի չէ  նորմատիվներով, և դեմ է սոցապնախարարության կողմից վարվող պետական քաղաքականությանը:  Ընդգծենք, ծերատները միավորելու և գույք օտարելու պլաններ չի եղել նախկինում, դրա պատճառները չկան ո՛չ հիմա և ո՛չ էլնախկին իշխանության օրոք, հակառակը՝ նախկինում բացառապես բեռնաթափման ծրագիր է իրականցվել:

Պարզապես հիմա  քայլողների անպատասխանատու իշխանությունն իրադրային որոշում է կայացրել՝ ծերանոցի հաշվին ինչ-որ գործարարի գայթակղություն պիտի բավարարի, կամ զուտ իրենց հեռանալուց առաջ վերջին ալան-թալանն են անում, այսքան բան:

Նշենք, որ Նորքի տուն-ինտերնատի պետգույքը ծախելու գաղափարը հեղափոխականների միտքն է. ծերատան շենքի օտարումը ընթացակարգի համաձայն՝ նախատեսած չէր այս տարվա օտարման ենթակա գույքի ցանկում, մենք այդ անունը չգտանք կառավարության որոշումներում:

Փաստ է, որ վաղը այս ծածուկ գործարքների նախագիծը ծախսերի կրճատում կորակեն:

10-20 խնամողների ազատումով կամ երկու խոհարարի հաստիք կառավարությանը վերադարձնելով՝ փորձելու են իմիտացիոն խնայողություն ցույց տալ, որ աչք կապեն,  բայց գերբեռնված տարածքում առաջ են բերելու շատ ավելի ծանր խնդիրներ:

Նորքի տուն-ինտերնատի շենքը, որ գտնվում է Նորքի բարձունքում, ընդգծենք, 200 անօթևան և անօգնական ծերերի կացարանն է, միշտ և բոլոր ժամանակներում համարվել է լավագույն ծերատներից մեկը՝ ոչ միայն ներսի բարելավված պայմանների հաշվին, նաև գտնվելու վայրի պատճառով:Նորքի ծերատան առավելությունների մեկը Նորքի բարձունքում գտնվելն է,  գործոնը, այստեղ օդը մաքուր է, շենքը՝ բավականին լայն, ընդգրկուն մակերեսով կանաչ գոտի ունի և երկու մասնաշենք՝ 4000 քմ օգտագործման մակերեսով: Այս վայրը դեռ խորհրրդային տարիներին, ոլորտի հնաբնակների խոսքով, հատուկ էր ընտրվել, որպեսզի ծերերը մայրաքաղաքի բարձր դիրքում հարմարավետ կացարան ունենան, մաքուր օդ,  կանաչներով կղզյակ՝ Երևանի գրեթե կենտրոնում: Իսկ թիվ 1 տուն –ինտերնատը գտնվում է՝ երևանամերձ գոտում՝ Հաղթանակ գյուղում և ունի 210 շահառու և 40 սպասարկող անձնակազմ:

Հ.Գ.  Yerevan.Today-ը ծերանտների աղմակահարույց որոշումից դեռ 1 ամիս առաջ, բազմաթիվ ձևերով փորձել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մեկնաբանությունը ստանալ, բայց նա թաքնվում է, Կառավարության նիստերից հետո շենքը լքում է հետնամուտքով ու զանգերին նամակներին չի պտասխանում: Փորձեցինք կապի դուրս գալ նաև գործարար Վահե Բադալյանի հետ, բայց նրա մեկնաբանությունը ստանալ չհաջողվեց։ Իսկ Տարեցների ոլորտը համակարգող Սոցապ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը մեզ հետ խոսեց 7 րոպե և միայն մեկ նախադասություն այդ ընթացքում կրկնեց, այն էլ 11 անգամ՝ «դիմեք մեր մամուլի բաժին, իրենք կպարզաբանեն», նա ընդունեց, որ ինքը կատարող է և իրավիճակի տերը չէ, որ մեկ հոդաբաշխ նախադասությամբ գոնե իրենց արածի տրամաբանությունը բացատրի: Հուսանք՝ շահառուները, որ նախկին իշխանության օրոք բավական ակտիվ արձագանքում էին անգամ ճաշի համը փոխվելու կամ դեղորքայի գնումների դեպքերում, այս անգամ էլ նույն կերպ իմպուլսիվ կարձագանքեն իրենց ճակատագրի հետ խաղացող թաքուն գրված նախագծերին, ու թույլ չեն տա, որպեսզի  ամեն մի արկածախնդիր պաշտոնյա իրենց կյանքը էլ ավելի վատը դարձնի:

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ