7or.am-ը ներկայացնում է Արեգնազ Մանուկյանի հոդվածը:
Նիկոլն սկսել է քարոզարշավը։ Ապօրինաբար։ Բայց դա դեռ մի կողմ։
Շատերն են քննադատում նրա հիմար մտքերը, հակասահմանադրական հայտարարությունները, անկապ խոսքերը, կեղծ պաթոսը, ստերի շարանը և այլն։ Քչերն են, սակայն, նկատում, որ նա յուրօրինակ հաշվետվությամբ է հանդես գալիս։
Պետության ղեկավարն իր համայնքային այցերի ժամանակ, որպես կանոն, ներկայացնում է պետական ծրագրերով իրականացրածը՝ դպրոցի, մշակութային օբյեկտների շինարարություն, վերանորոգում, ճանապարհների բացում, ջրագծի անցկացում, բիզնես նախագծի աջակցություն, զինվորական մասի արդիականացում և այլն։
Նիկոլն էլ է հաշվետվություն ներկայացնում, բայց դա սև հաշվետվություն է։
Նա ավադույթ է դարձրել։ Ամեն մի գյուղ մտնելիս ու «ինքնաբուխ» հավաք անցկացնելիս սկզբում ընթերցում է այդ գյուղի այն մարդկանց անունները, ովքեր զոհվել են իր սադրած ու պարտության տարած պատերազմում։ Զոհերին հիշելը դարձել է արարողակարգ։
Չկա մի գյուղ, որտեղ պատերազմի զոհեր չլինեն։ Զոհերի անունները տալով՝ Նիկոլը փաստացի խոստովանում է, որ իր կառավարման 3 տարիների ընթացքում ինքը ժողովրդին մահ է բերել։ Այդ մահերը սարսափելի վիճակագրության են վերածվել։
Կորոնապատերազմի ընթացքում Նիկոլն ավելի քան 4.000 մահ գրանցեց։ Ցուցանիշներն ամեն օր «բարելավվում» են։ Իշխանությունները զրո աշխատանք են կատարում և միլիոն անտարբերություն են ցուցաբերում ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Պատվաստվում են միայն իրենք՝ մահը թողնելով «հպարտ քաղաքացիներին»։ Այնպես որ ճիշտ կլիներ, որ գյուղեր գնալիս Նիկոլը նաև «տնական արաղով ու պինցետով» բուժված ու վերջում մահացած մարդկանց անուններն էլ կարդար, քանզի ինքն այդ հարցում մեծ լումա ունի։
Արցախյան պատերազմում Նիկոլի զոհերն առայժմ ավելի շատ են կորոնապատերազմի զոհերի քանակից։ Բայց դա շտկելի է Նիկոլի համար։ Շուտով կորոնայից զոհերի քանակը կանցնի 5 հազարը և Նիկոլը կթարմացնի իր ռեկորդը։
Նիկոլը մահաբեր է, և միայն նրա քաղաքական մահը կվերացնի այս մղձավանջը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը