24 02 2021

Մեզ համար կանխատեսելի էր, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրի ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը. ԱՆ խոսնակ

Մեզ համար կանխատեսելի էր, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրի ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը. ԱՆ խոսնակ

Արդարադատության նախարարության համար կանխատեսելի էր այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի և Սահմանադրական դատարան կուղարկի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

 

«Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր: Ավելին, կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվելու»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել էր Սահմանադրական դատարան՝  օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ