12 02 2021

«Հայաստան» հիմնադրամը նոր բրոնխոսկոպներ է հատկացրել Էրեբունի և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներին

«Հայաստան» հիմնադրամը նոր բրոնխոսկոպներ է հատկացրել Էրեբունի և Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոններին տրամադրել է 2 բրոնխոսկոպ:

Հայաստանում տրամադրվող բժշկական ծառայությունների որակը բարելավելու և համապատասխան սարքեր տրամադրելու նպատակով ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամը նախաձեռնել էր առցանց ջազ համերգ-դրամահավաք, որից ստացված ողջ հասույթն էլ ուղղվել էր Հիմնադրամին բրոնխոսկոպների ձեռքբերման նպատակով:

4-ժամյա բարեգործական ջազ համերգի վարումն ու համակարգումն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բժշկական առաքելության անդամ, նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանը իր կնոջ՝ Լուսինե Միրզախանյանի հետ միասին: Նրանք համերգն անցկացրել են Լոս Անջելեսի իրենց տան բակում:

ԲԿ-ներին տրամադրված նոր սերնդի, ժամանակակից բրոնխոսկոպիկ սարքերն այժմ հնարավորություն կտան ավելի ճշգրիտ և արդյունավետ իրականացնել շնչառական հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը նշում է.

«Նոր սարքը, շնորհիվ մոնիտորի և վիդեո համակարգի, այժմ հնարավորություն է տալիս HD որակով ստանալ ավելի հստակ պատկեր, կատարել ճշգրիտ բրոնխոսկոպիա և ախտորոշում: Սա կարևոր է հատկապես այսօր՝ Covid վարակի պայմաններում, ինչպես նաև թոքերի քաղցկեղի ժամանակին ախտորոշման ու կանխարգելման համար»:

Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Տիգրան Խաչատրյանի հավաստմամաբ էլ, երկրորդ սարքի կարիքը բժշկական կենտրոնում կար.

«Երկրորդ բրոնխոսկոպի անհրաժեշտությունը կար, որովհետև նախկինում մեկ սարքը մինչև հաջորդ հիվանդի հետազոտությունը որոշակի ժամանակահատված ախտահանվում էր: Իսկ այժմ հնարավորություն ունենք միաժամանակ իրականացնել ավելի մեծ թվով հիվանդների դիագնոստիկ զննումը»:

Նշենք, որ Միքայել Գրիգորյանը «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետների հետ միասին 2015 թվականից, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բժշկական առաքելության շրջանակում, անվճար բուժծառայայություններ է մատուցում Հայաստանում, իսկ 2018 թվականից՝ նաև Արցախում:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ