21 01 2021

Հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. հայտարարություն

Հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում. հայտարարություն

2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլեւս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: Այս մասին հայտարարություն է տարաել  «ԱՐ» hեռուստաընկերության տնօրեն՝ Արամ Ղազարյանը:

Հայտարարությունում ասվում է. «ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները եւ տեխնիկական միջոցները չեն վաճառվելու եւ նվեր չեն տրվելու:

2003 թվականից սկսած՝ «ԱՐ» հեռուստաընկերությունը, նոր սեփականատերերի ներդրած զգալի ֆինանսների, ջանքերի եւ ժամանակի շնորհիվ  ստեղծել է յուրահատուկ ձեռագիր ունեցող հեռուստաալիք՝ ավելի քան հիսուն հաղորդաշարով:

«ԱՐ» հեռուստաընկերությունը ստանալով նոր կյանք որդեգրեց ազգային, մշակութային եւ կրթական ուղղվածություն: Մասնավորապես եթեր հեռարձակվեցին հեռուստադիտողի կողմից սիրված այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Արարման խորհուրդը», «Վարպետների քաղաքը», «Մեր մեծերը», «Պարզ ճշմարտություններ», «Մենք ենք մեր սարերը», «Ոչ միայն հացիվ», «Վերադարձ», «Մեր երեխաները» եւ էլի մի շարք ուսուցողական, ժամանցային, երաժշտական հաղորդումներ: Բոլորը չնշելով՝ ասեմ միայն, որ սեփական արտադրության հաղորդումները կազմում էին հեռուստաալիքի ամենօրյա եթերաժամի մոտ 65%-ը:

«ԱՐ»-ն իր գործունեության ընթացքում, սրտացավ եւ պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, միշտ պաշտպանել է ժողովրդի շահերը՝ հավատարիմ մնալով նրա հոգեւոր եւ բարոյական արժեքներին:

«ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծառայությունը միշտ մատուցել է օպերատիվ եւ անաչառ լրատվություն՝ պահպանելով պետականամետ դիրքորոշումը եւ ծառայելով մեր ազգային շահերին:

«ԱՐ» հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել իր հեռուստադիտողին վայելելու նաեւ բացառիկ ֆիլմեր:

«ԱՐ» հեռուստաընկերությունն իր հաղորդումներով հեռուստադիտողին ներշնչել է ազգային արժանապատվություն, հպարտություն սեփական պատմության  հանդեպ եւ օգնել է ժողովրդին ճանաչել ինքն իրեն ու սիրել սեփական հայրենիքը:

Շնորհակալություն այսքան տարի մեր աշխատանքը գնահատելու եւ մեզ հետ լինելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ