17 01 2024

ՏԵՂԵԿԱՆՔ № 22՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

ՏԵՂԵԿԱՆՔ № 22՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

13112018թելույթ՝ Ազգային ժողովում

Խոստում - Հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին  արտոնագրային վճարից ազատելուն։ Այսինքն ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ եթե մարդը անհատ տաքսու վարորդ է, ապա այդ մարդիկ որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, այսինքն մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակը իրականացնել առանց լիցենզիայի և վճար կատարելու։ Ի դեպ, սա էլ տարօրինակություններից մեկն է, մենք շատ հստակ չգիտենք թե քանի հոգի է այդ գործունեությամբ զբաղվում, բայց փորձագիտական գնահատականներով մոտավորապես 50 հազար մարդ ունենք, և եթե սա դնենք չոր աշխատավարձերի տրամաբանության մեջ, ապա կստացվի, որ մենք Երևանում այս մարդկանց աշխատավարձը ավելացնում ենք ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ։

20072019թ, ելույթ՝ Շիրակի մարզում գործարար համաժողովին  

Խոստում  - Հունիսի 29-ից - հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից, սա նշանակում է, որ նրանք Երևան քաղաքում 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճար անելուց ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանք պետք է լիցենզիա ունենան, որոշակի պայմանների բավարարել և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է։ Սա նշանակում է, որ մենք բազմաթիվ մեր հայրենակիցների առանց հարկային պարտավորություններ կատարելու գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս։ Եվ մենք, այս հնարավորությունը տալով, հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության, գործընկերության որոշակի չափանիշ։

Իրական պատկեր – 25.03.2020թ, Ազգային ժողովի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, թե անհատ տաքսու վարորդները պետք է լիցենզիա ունենան․ «Եթե չունի լիցենզիա, ուրեմն ինքը վարորդ չի, ու, հետեւաբար, եթե լիցենիզա չունի, չի կարող զբաղվել այդ գործունեությամբ»։

30042020թ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 100․000 դրամ:

27062023թ կառավարությւոնը ևս մեկ կանոնակարգում արեց օնլայն հարթակի տաքսիներում․ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մամուլի ասուլիսում ասաց, որ օնլայն հարթակով ուղևորափոխադրում ծավալելու համար սահմանվել է 1 մլն դրամ տարեկան պետական տուրք, ինչպես նաև սահմանվում է ամեն ուղևորափոխադրման համար փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի վճար։

Ուղևորափոխադրման համար վճարը յուրաքանչյուր ուղևորի դիմաց կկազմի՝

  • 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կանխիկի դեպքում ուղևորափոխադրման արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1 տոկոսը։
  • 2025թ․ հունվարի 1-ից՝ կանխիկի դեպքում 3,5 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 2,5 տոկոս։
  • 2026թ․ հունվարի 1-ից՝ 5 տոկոս կանխիկի, 4 տոկոս՝ անկանխիկի դեպքում։

Փոխնախարարն ասաց, որ կան նաև այլ հարկեր՝ կախված նրանից, թե որ ռեժիմում է գրանցված տաքսի ծառայություն մատուցողը։

Հարցին, թե՝ սա արդյո՞ք չի բերի տաքսի ծառայության թանկացման, Արմեն Սիմոնյանն ասաց, որ կթանկանա, բայց՝ աննշան։ Ասաց, որ հիմա էլ է թանկացել, ուղղակի հիմա հարկ չեն վճարում։

Փոխնախարարը նշեց, որ օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում գրանցվել է 80 հազար վարորդ, սակայն ակտիվ ուղևորափոխադրում է իրականացնում 25-30 հազարը։

Տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց համար ևս 2023թ․ նոր պետական տուրքի համակարգ ներդրվեց։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կգործեն էլեկտրոնային հարթակներ, որոնց միջոցով յուրաքանչյուր ուղևորի դեպքում տաքսիստները ՀԴՄ կտրոն դուրս կգրեն։ 15․01․2024թ․ ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն ասաց, որ դա թույլ կտա ՊԵԿ-ին հսկել տաքսիների ամբողջ շարժը։ Բայց նաև դա համարեց դրական փոփոխություն տաքսիստների համար՝ նշելով, որ նրանք կկարողանան իրենց եկամուտը ֆիքսել, ինչը նախկինում չէին կարողանում։

 

08.05.2019թմամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանի հրապարակած «փաստ՝ N93-ը՝ «Նոր Հայաստանի» մասին «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։

Իրական պատկեր - Այս ելույթից երեք ամիս առաջ՝ 04․02․2019թ, համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի շարասյունը Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։

2020 թվականից ի վեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է և մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթևեկությունըև այն փողոցներում, որոնցով պետք է անցնի Նիկոլ Փաշինյանի շարասյունը։

2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը, մասնավորապես՝ ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ 

Այդ ժամանակ շարասյունը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Ազգային ժողով՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպման։ Վրաերթի ենթարկելուց հետո ավտոմեքենան մի պահ կանգնում է, այնուհետև շարունակում է ընթացքը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն՝ արդեն մահացած վիճակում։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, ապրիլի 26-ին ձերբակալվեց վրաերթի ենթարկողը՝ ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար 51-ամյա Արամ Նավասարդյանը։ Ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։

Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի տեղաշարժի ժամանակ հետիոտնային անցումների երկու կողմերում մի շարք ոստիկաններ են կանգնում՝ արգելելու համար քաղաքացիների տեղաշարժը։

 

16.10.2019թ, ելույթ «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը 

Խոստում – Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ․ հոկտեմբերի 10-ին և այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում։

Իրական պատկեր – Հայաստանում 2020թ․ հոկտեմբերի 1-ին չտնկվեց ոչ մի ծառ։ Պատճառը պատերազմն էր։

Սակայն հայտնի չդարձավ, թե ուր են 10 մլն տնկիները, որ պետք է տնկվեին և ինչու չտնկվեց դրանից հետո։

Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց՝ 15012024թ, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրին խոստումը։ «2020 թվականին նախատեսված միջոցառումը չկատարվեց հայտնի իրադարձությունների արդյունքում՝ առաջին հերթին կովիդը, հետո պատերազմը։ Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը։ Բայց 2024 թվականին 3 մլն ծառ կտնկենք»,- ասաց նա։ Նախարարը, սակայն, նշեց, որ տնկվող ծառերի կպչողականության մակարդակը չի բավարարում։

 

16.05.2020թ, մամուլի ասուլիս 

Նիկոլ Փաշինյանի հրապարակած «փաստ՝ N87-ը՝ Նոր Հայաստանի մասին - 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը:

Իրական պատկեր – Այս խոստումը չկատարվեց, փոխարենը նշված ամսաթվին տոպրակները խանութներում հաստացան և թանկացան, և հիմա նույն տոպրակը տրվում է նախկին 10-20 դրամ, կամ անվճարի փոխարեն՝ մինչև 100 դրամով։

Կառավարության՝ 03082023թ նիստում Նիկոլ Փաշինյանը զարմացած դիմեց  գործադիրի անդամներին, թե ո՞վ ունի հետևյալ հարցի պատասխանը․ «Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տորակով, ինչ 5 տարի առաջ, այնինչ մենք այս դահլիճում քննարկում էինք, որ մինչև այսինչ հաստության տոպակներն արգելու ենք, չի լինելու»։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը, որ պոլիէթիլենային տոպրակները՝ մինչև 50 միկրո հաստությամբ, արգելվում է։ Համայնքները վերասհսկողություն արեցին և սա արդյունք չտվեց։ Հիմա մենք նախագիծ ունեք, որ պոլիէթիլենային տոպրակների ամբողջական վաճառքն ենք արգելելու և մեկանգամյա օգտագործման պլաստկ շշերի»։

Այդ արգելքը ևս տեղի չունեցավ։

Այս ամենի փոխարեն Հակոբ Սիմիդյանը 15012024թ ասուլիսին եկել էր բազմաթիվ օգտագործման ոչ պոլիէթիլենային տոպրակներով, դրանք նվիրեց լրագրողներին և հույս հայտնեց, որ գոնե լրագրողները կպահպանեն ընդունված օրենքը։ 

 

Շարունակելի

 

Ընթերցել ՏԵՂԵԿԱՆՔ № 20–ը և ՏԵՂԵԿԱՆՔ № 21–ը

 

Անցնել ամբողջ շարքին

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ