19 01 2021

Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորների ծախսերից ամսական 50 հազարական դրամները փոխանցել 1000 դրամների հիմնադրամին

Ուրիխանյանն առաջարկում է պատգամավորների ծախսերից ամսական 50 հազարական դրամները փոխանցել 1000 դրամների հիմնադրամին

Շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, ըստ որի ՀՀ ԱԺ պատգամավորները մոտ 80 միլիոն դրամ տարեկան իրենց տրամադրվող գումարից կհատկացնեն պատերազմի ժամանակ 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ուրիխանյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնավորումները, որը ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, աշխարհազորայիններ, կամավորականներ:

Պատերազմական գործողություններին մասնակցելու ժամանակ ծանր վիրավորումների հետևանքով նրանցից շատերը ձեռք են բերել 1-ին կարգի հաշմանդամություն: Հայտնի է, որ Հայաստանում առանց այն էլ անբավարար սոցիալ-տնտեսական վիճակը չափազանց ծանրացել է և՛ համավարակի և՛ պատերազմի հետևանքով: Ուստի հասկանալի է, որ անկախ ամեն ինչից 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում առկա են աննկարագրելի դժվարություններ, որոնք սոցիալապես ծանր վիճակի դեպքում դառնում են անհաղթահարելի, իսկ որոշ դեպքերում նաև կյանքի հետ անհամատեղելի:

Հաշվի առնելով դա, անհրաժեշտ եմ համարում փնտրել ու գտնել երկրում առկա բոլոր հնարավոր միջոցները հիշյալ մարդկանց նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Այս լրացումը կարևորում եմ նաև բարոյական տեսակետից և դիտարկում եմ որպես հնարավորություն երկրի թիվ մեկ կառավարող մարմնի՝ խորհրդարանի կողմից վերջին պատերազմում 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած անձանց նկատմամբ ընդգծված վերաբերմունք դրսևորելու և նրանց կողմից լիարժեք կենսակերպը հանուն երկրի պաշտպանության զոհաբերելու սխրանքը գոնե ևս մեկ դրվագով կարևորելու առումով: Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման ենթակա ծախսերի համար տրամադրվող գումարներից զրկվելը, որոնք յուրաքանչյուր ամիս 50000-ական դրամի չափով տրամադրվում են պատգամավորներին, չի կարող էական դժվարություններ առաջացնել պատգամավորների գործունեության իրականացման համար, հաշվի առնելով, որ այն կազմում է պատգամավորի փաստացի աշխատավարձի մոտ 11 %-ը: Հաշվի առնելով պատգամավորների թիվը՝ այն կազմելու է տարեկան 79200000 դրամ, ինչն էական աջակցություն կլինի մերօրյա հերոսներին սոցիալական խնդիրներ լուծելու համար:

Հաշվի եմ առնում, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մասին օրենքով արդեն նախատեսված են պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին և տուժած զինծառայողներին հատուցումներ, սակայն վստահ եմ, որ դա չի կարող դիտարկվել որպես սահմանափակում, այն էլ ԱԺ պատգամավորների կողմից առկա միջոցների պարագայում լրացուցիչ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ