Սկսել եմ քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր հետաքրքրված ուժերի եւ հասարակական տարբեր խմբերի հետ, որպեսզի համատեղենք մեր ջանքերը այս ճգնաժամը հաղթահարելու հարցում: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր պագա անելիքներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն մի շարք ուժերի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ ու ջանքերի մեկտեղում, այլոց հետ շարունակում ենք քննարկումները, եւ տեսնում եմ հնարավորությունը բոլորի հետ փոխգործակցելու: Հարկ է ընդգծել, որ համագործակցությունը պետք է լինի լայն ընկալմամբ, այլ ոչ թե սահմանափակվի քաղաքական պատասխանատվության ստանձնմամբ տարբեր պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման տեսքով:
Այսինքն, յուրաքանչյուր կարողունակ ու սրտացավ ուժ ու անձ պետք է հնարավորություն ստանա իր ներուժը ծառայեցնելու մեր նույնական նպատակի կյանքի կոչմանը, իսկ այդ ճանապարհին ես միշտ բաց եմ լինելու բոլոր ուժերի ու անձանց հետ համագործակցելու հարցում.
• Թեեւ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով, սակայն նշված համագործակցության ու միասնականության տրամաբանությունից ելնելով՝ պատրաստակամ եմ Հայրենիքի ու ժողովրդի համար կենսական նշանակության որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի եւ ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համախորհուրդ: Ընդհանրապես, հանրային քննարկումների անցկացումը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի օրգանական մասը.
• Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից եւ դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել եւ ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ.
• Միեւնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետեւանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը