10.12.2020, դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել Ոստիկանության կարմիրբերետավորներից Լեւոն Տոնոյանը:
Նա, մասնավորապես նշել է. «Ընդամենը մի քանի օրից, դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին:
4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը եւ այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է եղել:
Շնորհակալություն եմ հայտնում Երեւան քաղաքի վարչության պետից դիմումս ընդունելու եւ համաձայնությունը տալու համար:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ իմ ողջ նախկին եւ ներկա սպայական ու շարքային կազմից այս 4 տարվա հիշողությունների համար: Ու կապ չունի մենք ցույցի էինք, թե սովորական քաղաքային ծառայության, Հայաստանում, թե Արցախում: Մենք անգամ ամենածանր օրերին կգտնեինք պոզիտիվությունը պահելու առիթներ:
Չեմ ցանկանա ծավալվել ազատմանս դրդապատճառների վերաբերյալ:
Ուղղակի կմաղթեմ անփորձանք ծառայություն բոլոր ոստիկաններին ու կապ չունի Հատուկ գումարտակից եք, թե Հրեշտակներից, ՊՊԾ-ից եք, թե ՊՊԳՎ-ից, բաժնի աշխատող եք, թե Ոստիկանության զորքերից.... դուք բոլորդ իմն եք, իսկ ես ձեզանից մեկն եմ: Շատ կկարոտեմ բոլորիդ: Հպարտ եմ, որ Ձեր կողքին եմ եղել եւ ներկայացրել եմ ոստիկանությունը այս երկար տարիները:
Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել: Մենք Հայաստանի պայմանների համար շատ ցածր աշխատավարձով, բայց անձնուրացությամբ միշտ ծառայել ենք: Ու, եթե դուք կարող եք աշխատել երկու կամ ավել աշխատանքներին, ոստիկանը անգամ դրա իրավունքը չունի, ուր մնաց ժամանակը:
Եթե ձեր երեխան տեսնում է ձեզ աշխատանքի գնալուց կամ գալուց, ապա իմացեք, որ շատ ոստիկանների երեխաները անգամ դրա հնարավորությունը չունեն: Եթե դուք կարող եք ձեզ համար անվտանգ աշխատել ու գնալ տուն, ապա ոստիկանի ամեն օրը դա փորձություն է, որի միջով ստիպված, թե նա, թե նրա տանեցիներն են ամցնում:
Դե հիմա ինքներդ մտածեք, ո՞վ կարող է աշխատել այդ պայմաններում, չկորցնելով իր անձնուրացությունը եւ արժանապատվությունը:
Մի՛ փորձեք անգամ վիրավորել ոստիկանին: Ու ով ով, ես լավ գիտեմ, որ հատկապես կարմիր բերետավորների 24 ժամյա ծառայության շնորհիվ է, որ շատ մարդիկ կարող են գիշերվա ամեն ժամի հանգիստ դուրս գալ քաղաք եւ պարզապես զբոսնել:
Ձեզ համբերություն եւ առողջություն իմ ոստիկան եղբայրներ ու քույրեր:
Ես ոչ մի կուսակցության կամ կազմակերպության անդամ չեմ եղել եվ երբեք չեմ էլ լինի, ինձ համար ՀԱՅ լինելը վեր է բլոր տիպի կուսակցություններից կամ կազմակերպություններից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը