«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.
«Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի հրապարակից անհիմն արգելանքի վերցվելիս, «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ՀՀ քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք։ Ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողին տեսակցել են իրավապաշտպաններ Արսեն Բաբայանը և Կարլոս Ավագյան։ Մեր նախաձեռնության անունից ներկայացվել է հանցագործության մասին հաշորդում։
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ բացահայտ հովանավորչությունը կատարվել է քաղաքական պատճառներով։
Հետևաբար իրավունք ունենք չվստահել Կարեն Գևորգյանին մարմնական վնասվածք հասցնելու փաստը պատշաճ քննելու՝ իրավապահների ունակությանը։ Այնուհանդերձ, պահանջում ենք պատշաճ քննություն՝ թափանցիկության սկզբունքի լիարժեք ապահովմամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը