«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին աշխատանքից ազատման դիմում է գրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը:
Հունվարի 19-ին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Գեղամյանն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել` Արտաշես Գեղամյանի որդին։
Ավելի վաղ՝ հունվարի 16-ին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Արսենյանը։ Մեզ ասացին, որ վարչական շրջանների դատախազների հրաժարականները կապված են Աննա Վարդապետյանի օրոք Երևանի քաղաքի դատախազ նշանակված Լիլիթ Գրիգորյանի հետ: Աշխատանքից ազատված դատախազներն, ի դեպ, դեռևս որևէ այլ պաշտոնի չեն նշանակվել, համենայն դեպս այդ մասին հրամաններ Աննա Վարդապետյանը դեռ չի ստորագրել։
Գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե որն է վարչական շրջանների դատախազների դիմումների պատճառը, և որքանո՞վ է դա կապված Լիլիթ Գրիգորյանի նշանակման հետ, դատախազությունից պատասխանեցին, թե դիմումների՝ Լիլիթ Գրիգորյանի հետ կապված լինելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, սակայն թե ինչն է դիմումների պատճառը, այդպես էլ չպարզաբանեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը