Իրանի հյուսիսարեւմտյան տարածաշրջանի բանակի շտաբի հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տեղակայված են զրահատանկային ստորաբաժանումներ, հայտնում է Mehr-ը։
Նա ուրբաթ հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի բանակը պատասխանատվություն է կրում հակառակորդի ցանկացած ագրեսիայից երկրի սահմանամերձ շրջանների պաշտպանության համար։
Վկայակոչելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին բախումները՝ գեներալը հայտարարել է, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում երկրի ցամաքային զորքերը կատարում են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման առաքելություն։
Նա նաեւ հայտնել է, որ հյուսիսարեւմտյան տարածքում բանակի շտաբն արդեն մի շարք ուժեր է ուղարկել այդ շրջանին հետեւելու համար, եւ ներկայումս այդ առաքելությանը մասնակցում են նաեւ զրահատանկային ուժերը։
Արեւմտյան Ադրբեջան իրանական նահանգը սահմանակից է երեք երկրներին՝ Ադրբեջանին, Թուրքիային եւ Իրաքին։ Իրանական բանակի տարածքային շտաբը տեղակայված է Ուրմիա քաղաքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը