Ուկրաինայի հայերը շարունակում են մարդասիրական օգնություն տրամադրել իրենց հայրենիքին: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի տեղեկացրել է, որ երեկ Երևանում դիմավորել են Ուկրաինայից ժամանած 5 բեռնատար (100 տոննա) մարդասիրական օգնությամբ: Եվս 40 տոննա բեռ պատրաստվում է առաքման դեպի Հայաստան:
Հայրենիքին տրամադրած օգնության թվում են շտապօգնության մեքենաներ, ամենագնաց-ռեանիմամոբիլներ, գեներատորներ, բժշկական սարքավորումներ, սնունդ, առաջին օգնության պարագաներ, հագուստ, անվասայլակներ և շինանյութեր:
«Ուկրաինայի հայերի միության կողմից ավելի քան 2500 կարիքավորներին ամենօրյա սնունդ և անհրաժեշտ օգնություն է տրամադրվում: 100-ից ավելի ընտանիքի օգնություն է ցուցաբերվել ժամանակավոր կացարանի հարցում», — ասաց Հարությունյանը:
Նշենք, որ պատերազմի առաջին իսկ օրերից Կիևում և Երևանում գործում էին Ուկրաինայի հայերի միության օպերատիվ շտաբներ, որոնք օգնություն են տրամադրում Հայաստանի հայրենակիցներին: Աշխատանքային խմբում ընդգրկված էին ՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, տարածաշրջանային հայկական համայնքների ղեկավարներ, ինչպես նաև կամավորներ Հայաստանից:
Այս պահին ընդհանուր առմամբ մի քանի հարյուր տոննա բեռներ են բերվել Հայաստան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը