23 10 2020

Ամուսինս դիահերձարանում ինչքան դիակ կա, հերթով բացել, իր մորն է փնտրել․ քաղաքացի․ Tert.am

Ամուսինս դիահերձարանում ինչքան դիակ կա, հերթով բացել, իր մորն է փնտրել․ քաղաքացի․ Tert.am

Tert.am-ը գրում է․ «ՀՀ քաղաքացի Սիրանուշ Հարությունյանը Tert.am-հետ զրույցում պատմեց, որ իր սկեսուրը՝ Մարիամ Գևորգյանը, մահացել է հոկտեմբերի 20-ին կորոնավիրուսից, սակայն թաղման օրը, երբ գնացել են դիահերձարան՝ դիակը վերցնելու, պարզվել է՝ դիակը չկա ու նրանց այլ դիակ են ցույց տվել:

Հարությունյանը պատմեց, որ սեպտեմբերի 12-ին Նորքի սրտաբանական հիվանդանոցում սկեսուրին սրտի բաց վիրահատություն են արել և մեկ ամիս ոչ մեկ իրեն չի տեսակցել, միայն ամուսինն է խնամել, ով ևս դուրս չէր գալիս հիվանդանոցից: Այնուհետև հիվանդանոցում շնչառական խնդիրներ է ունեցել, թոքերում ջուր է հավաքվել, իսկ հետո պարզվել է՝ երկկողմանի թոքաբորբ է, թեստավորել են և կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Ընստ նրա՝ այնուհետև անհրաժեշտություն է առաջացել Մարիամ Գևորգյանին տեղափոխել կորոնավիրուսով մասնագիտացված հիվանդանոց, սակայն ասել են՝ տեղ չկա, և որոշ ժամանակ անց թթվածնային քաղցով, ծայրահեղ ծանր վիճակով տարել Մասիվի հիվանդանոց և մի հեռախոսահամար տվել իրենց, որը, ըստ տիկնոջ հաղորդման, զանգերին չի պատասխանել։

Սիրանուշը պատմում է՝ ի վերջո ծանոթ բուժքույր են գտել, ում միջոցով տեղեկացել են հիվանդի որպիսության մասին, ով էլ նշել է՝ հիվանդի ճնշումը կարգավորվել է, ամեն ինչ նորմալ է: «Հաջորդ առավոտ՝ հոկտեմբերի 20-ին առավոտյան 9:15 հիվանդանոցից զանգ ենք ստանում, որ մեր հիվանդը մահացել է: Մեզ ասում են, որ քանի որ կորոնավիրուսից է մահացել, հերձում չի լինելու, դիակը Աբովյանի դիահերձարան է տանելու, որտեղից կվերցնեք ամիս 22-ին: Սկեսրայրս մտնում է ներս, որ ճանաչի դիակը, սակայն 30 րոպե դուրս չի գալիս: Փոսը փորած, մեր հարազատները էնտեղ, տեր հայրը՝ կանգնած, պարզվում է՝ դիակը չկա, ուրիշի դիակն են ցույց տվել: Մինչև հիմա մեր դիակը չենք գտել, ամուսինս՝ 29 տարեկան տղա, այդ դիահերձարանում ինչքան դիակ կա, հերթով բացել, իր մորն է փնտրել»,-ասաց նա և հավելեց՝ ամուսինը գնացել է Մասիվի հիվանդանոց, այնտեղ ևս փնտրել է մորը՝ կարծելով, որ հնարավոր է՝ ողջ է։ «Այս երեք օրվա մեջ 43 դիակ է եղել, նրանց տերերին գտել ենք, եկել են, որ տեսնեն՝ կարող է այս դիակների մեջ իրենց հարազատն է, իրենք էլ մեր մորն են թաղել»,-ասաց նա և նշեց, որ ոստիկանություն ևս դիմել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ