22 10 2020

Եղած թշնամիներն էլ են բավական, նորերը պետք չի ձեռք բերել․ Ստեփան Դանիելյան

Եղած թշնամիներն էլ են բավական, նորերը պետք չի ձեռք բերել․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.
 
«Մի շատ կարևոր բանի մասին եմ ցանկանում գրել, բայց վստահ չեմ, թե որքանով դա կփոխի իրավիճակը:
Սոցիալական ցանցերը յուրաքանչյուրին հնարավորություն է տվել արտահայտվել իր գիտելիքներին, կրթվածությանն ու դաստիարակությանն համապատասխան ու որքանով վերը նշված պարամետրերը ցածր են, այնքանով տեսակետները վճռական են, հայհոյախառն ու, չվախենանք գնահատականից, անգրագետ:
 
Բայց այդ դրսևորման մի ասպեկտի մասին եմ ցանկանում գրել, որն արդեն ազդում է ազգային անվտանգությանը: Խոսքը ոչ թե ներազգային ինֆորմացիոն տիրույթի մասին է, այլ՝ միջազգային:
 
Մի հսկա զանգված, որը, նորից եմ նշում, վերը նշված պարամետրերով չափազանց ցածր մակարդակում է գտնվում, հորդել է հատկապես ռուսալեզու (ոչ միայն ռուսական) սոցիալական ցանցեր, հրապարակումների մեկնաբանությունների բաժիններ, ու հայհոյանքների ու տգիտության տարափ է տարածում այնտեղ, մեր դեմ տրամադրելով մարդկանց ու հասարակություններին, որոնք ոչ Արցախի պատերազմի հետ առընչություն ունեն, ոչ էլ մեր թշնամիներն են:
 
Արդեն տարբեր երկրների մեկնաբանները հաղորդումների ժամանակ նշում են այդ երևույթն ու մեր նկատմամբ բացասական տրամադրվում:
Խնդրում եմ, տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ, մեղադրանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք, մի քննարկեք բաներ, որոնցից գաղափար չունեք: Դրանով մեծ վնաս եք հասցնում:
 
Հեղափոխական անհանդուրժողականությունն գոնե ներքին լսարանին պահեք, պատեհ ու անպատեհ առիթներով անիմաստ լեզվակռվի մի բռնվեք, այլ ազգերի հանդեպ բացասական ու թշնամական արտահայտություններ մի օգտագործեք: Եղած թշնամիներն էլ են բավական, նորերը պետք չի ձեռք բերել:
 
Ներհայկական տիրույթի փոխադարձ ատելությունն ու հայհայանքները չափազանց առատ են, դրանով բավարարվեք ու այդ բացասական էներգին արդեն միջազգային տիրույթում մի տարածեք։
Եթե հիմնավորված, փաստարկված տեսակետներ չեք կարողանում հայտնել, թեման չեք տիրապետում, զրուցակցի տեսակետը ի վիճակի չեք հարգել, ուղղակի մի գրեք, դրանով շատ մեծ վնաս եք հասցնում:
 
Արդեն որերրորդ հաղորդումն եմ դիտում, որտեղ զարմացած են հայերի լեզվի ոճից, մակարդակից ու մտածողությունից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ