Երեք շաբաթ՝ ուղիղ 21 օր, Արցախը դիմադրում է, ոչ միայն դիմադրում, այլ համառ պայքարով աշխարհին է ապացուցում անկախ ապրելու իր իրավունքը: Եվ այդ ամենը նորից աշխարհի ոչ համարժեք արձագանքների և լռության ուղեկցությամբ: Մենք արդեն անդրադարձել ենք արևմտյան հատվածի դիրքորոշմանն ու պահվածքին այս օրերին, միևնույն ժամանակ վերհիշելով, թե նախկինում որ երևույթների ժամանակ են արձագանքել և ակտիվացել: Այս անգամ առաջարկում ենք վերհիշել կոնկրետ մեկ դեպք, որն 2 տարի առաջ մեծ աղմուկով ներկայացվեց հանրությանը:
Խոսքը, 2018 թվական օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղացիների կողմից ԼԳԲՏ 9 ակտիվիստների ծեծի ենթարկվելու մասին է: Մասնավորապես, Շուռնուխ գյուղի բնակիչը, ով նույնասեռական էր, իր ընկերներին հյուրընկալել էր իրենց տանը: Նրանց պնդմամբ, համագյուղացիներն իմանալով դա, եկել և պահանջել են հեռանալ գյուղից, հետո վիճաբանություն է եղել և ծեծկռտուք: Իսկ գյուղացիներն էլ նշում էին, որ եկել էին, աղմուկ անում, ոչ հարիր պահվածք դրսևորում, սադրում իրենց:
Այս դեպքի մասին այդ ժամանակ շատ խոսվեց, քրեական գործ հարուցվեց, ու չնայած որ դեպքը ընդամենը տեղական իրավապահ մակարդակով լուծելու հարց էր, այն քաղաքականացվեց, դարձվեց լրջագույն նախադեպ։
Ներկայացնենք ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպանությունների և եվրոպական կառույցների ֆինանսավորմամբ կառույցների արձագանքը, որոնք հենց այդ լրջությունը ապահովեցին:
06/08/2018
ԱՄՆ դեսպանատան արձագանքը
«ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ատելության շարժառիթով ցանկացած հանցագործություն, այդ թվում օգոստոսի 3-ին տեղի ունեցած բռնություններով ուղեկցված հարձակումը ինը հայ ԼԳԲՏ ակտիվիստների վրա:
Պետությունը պատասխանատու է բոլոր հայաստանցիների ապահովության և անվտանգության համար» ։
Օգոստոս 06,2018
Մի շարք ՀԿ-եր եվ անհատներ դատապարտում են Շուռնուխի դեպքերը
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) խստագույնս դատապարտում է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած ծայրահեղ անհանդուրժողականության, ատելության և բռնության պոռթկումը, որն արտահայտվեց 9 երիտասարդի կյանքի և առողջության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ոտնձգությամբ:
Կոալիցիան պնդում է, որ կատարվածի համար պատասխանատվությունը կիսում են հավասարապես թե՛ այն անձինք, ովքեր հարձակում են գործել գյուղի բնակիչներից մեկի մոտ հյուրընկալված երիտասարդների վրա և թե՛ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության ծառայողները, որոնք տարիներ շարունակ իրենց անգործությամբ, թողտվությամբ և, նույնիսկ, ուղղորդմամբ խրախուսել են իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության պատճառով ատելության հիմքի վրա կատարված հանցագործությունները: Եթե մի քանի ամիս առաջ Գորիսում տուժածներից երկուսի նկատմամբ տեղի ունեցած հարձակման դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժինը պատշաճ կերպով արձագանքեր, ապա նույն բռնարարները այս անգամ չէին գլխավորի մարդկանց առողջությանը ավելի ծանր վնաս պատճառած այս հարձակումը:
Նշենք, որ հայտարարությամբ հանդես եկած ՀԿ-երը ֆինանսավորվում են «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամից:
– «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
– «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
– «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, որի հիմնադիրը այժմ իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանն է
– «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
– «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, որի ղեկավարը Լարա Ահարոնյանն է, նա ի դեպ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է
– «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
– «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
– «Փինք Արմենիա» ՀԿ
– «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
– «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, որի ղեկավարը Արթուր Սաքունցն է
– «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
Իսկ ահա ԵՄ դեսպանն իր մտահոգությունը այդ դեպքի առթիվ հայտնում է «Փինք Արմենիա» ՀԿ-ի տնօրենի հետ հանդիպման ժամանակ
Օգոստոսի 21-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինք Արմենիա») ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի հետ: Հանդիպման քննարկման թեման էր Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը: ԵՄ դեսպանն ընդգծեց ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ իրականացված բռնության և ատելության խոսքի վերջերս տեղի ունեցած դրսևորումների ընդգրկուն և անաչառ հետաքննության անհրաժեշտության մասին: «Յուրաքանչյուրի իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Սեռական կողմնորոշման հիման վրա դրսևորված խտրականությունը, ատելություն սերմանող խոսքը և բռնությունը չպետք է հանդուժել», ասաց դեսպան Սվիտալսկին՝ իր համերաշխությունը հայտնելով բռնարարքներից տուժածներին:
Հանդիպման մասնակիցները նաև քննարկեցին Հայաստանում խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենքի ընդունման հեռանկարը և Մարդու իրավունքների պաշտպանի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու ատելություն սերմանող խոսքը և խտրականության դրսևորումը:
Փաստորեն, այս կառույցները ոչ միայն դատապարտում են, ոչ միայն կոչերով են հանդես գալիս, ոչ միայն խոսում են ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու, ատելություն ու բռնությունը կանխելու մասին, այլ կոնկրետ քայլեր և գործողություններ են ակնկալում ՀՀ ղեկավարությունից:
Միայն նշենք, որ այս օրերին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում բազմաթիվ անգամներ թիրախավորվել են քաղաքացիական խաղաղ բնակիչներ և օբյեկտներ ոչ միայն Արցախում,այլ նաև Հայաստանում, դրանց արդյոնքում զոհվել, վիրավորվել են քաղաքացիական անձինք, իրենց տներից զրկվել են մեծ թվով ընտանիքներ: Այս ամենը կարելի է բացատրել նաև նրանով որ համար մեկ ագրեսսոր հանդիսացող Թուրքիան դաշնակից է թե՞ ԱՄՆ-ին, թե՞ ԵՄ-ին, նրանց հետ մեկտեղ հանդիսանալով ՆԱՏՕ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության անդամ երկիր։
Հայկական կողմի զոհերը, ցավոք արդեն անցել են 600-ը, Իսկ Հայաստանում ԵՄ և ԱՄՆ դեսպանատները շարունակում են լռել, կարծես արցախցի կանայք և երեխաները իրավունքներ չունեն, կամ իրենց արժեքներով, ԼԳԲՏ ակտիվիստների իրավունքները ավելի կարևոր են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը