2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Այս ընթացքում պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ, որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։
Որոշումը նախատեսում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։
Պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրումը կիրականացվի 2025 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։
Նույն ժամկետում կզորացրվեն նաև այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները։
Զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծվելու են հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը