Փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով, կապիտան Գևորգ Բալայանը՝«Մարտական խաչ» 1-ին, շարքային Հարություն Վարդանյանը՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։
«Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են
Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:
Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը