15 10 2020

Հայաստանի առաջին օմբուդսմենը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հայաստանի առաջին օմբուդսմենը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հարգարժան համանախագահներ,

Ձեր համատեղ հայտարարությունը եւ ՌԴ ԱԳ նախարարի ելույթը թույլ են տալիս հանգել այն եզրակացության, որ չնայած ՄԱԿ Կանոնադրության գերակա նորմին ցանկացած հակամարտության կարգավորման համար ուժի կիրառման արգելքի մասին, ձեր կողմից լիովին անտեսվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ ագրեսիվ ռազմական գործողությունները, որոնք միջազգային իրավունքի դեմ հանցագործությունների նշաններ ունեն։ Այդ թվում՝ արգելված ահաբեկչական խմբավորումներից վարձկանների ներգրավումը, խաղաղ բնակիչների սպանությունները բացառապես էթնիկ հիմքով, նրանց կացարանների եւ կենսապահովման քաղաքացիական օբյեկտների ոչնչացումը, զենքի արգելված տեսակների օգտագործումը եւ այլն։

Հումանիտար նպատակներով հրադադարի կոչը Ադրբեջանի կողմից ցուցադրաբար խախտվում է՝ այն անթաքույց նպատակով, որ ուժով ճնշի ցեղասպանության իրական սպառնալիքի տակ գտնվող եւ անկախության իր իրավունքի համար պայքարող Արցախի ժողովրդին։

Խաղաղ ճանապարհով հիմնախնդիրը լուծելու ձեր բազմամյա ջանքերին հակադրված է կոշտ ուժը եւ միջազգային նորմերի քամահրանքը։

Ձեր անհետեւողականությունը հավասարազոր է խաղաղության, մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների խթանմանը, որոնք կատարվում են ձեր աչքերի առաջ։

Դուք հաստատ գիտեք, որ Ադրբեջանը, որը չի պահպանում նույնիսկ ժամանակավոր հրադադարը, ոչ մի դեպքում չի կատարի որեւէ պայմանավորվածության որեւէ դրույթ Արցախի բնակչության անվտանգության ապահովման վերաբերյալ` որպես ipso-facto պետության, որը միջազգային նորմերին համապատասխան կայացել է այն պայմաններում, ինչը բացառում է համատեղ բնակությունը նախկին խորհրդային հանրապետության կազմում եւ սահմաններում։

Բացի այդ, դուք գիտեք, որ ԼՂՀ-ն կայացել է այն տարածքներում, որոնց վերջին միջազգային իրավական կարգավիճակն Ազգերի լիգայի կողմից սահմանվել է որպես վիճելի: Նման դեպքերում ХХI դարի միջազգային իրավունքն ու պրակտիկան նախատեսում է «Ճանաչում հանուն փրկության» (Remedial recognition) հայեցակարգի կիրառումը:

Ես կոչ եմ անում ձեզ նախքան հնչեցված սկզբունքների շրջանակում որոշումներ կայացնելը պատասխանատվության կանչել Ադրբեջանին եւ Թուրքիային, եւ դրանից հետո միայն քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ գոյության խնդիրը` հաշվի առնելով իրավական նորմերը եւ իրական քաղաքական պայմաններն ու հանգամանքները:

Մնացած բոլոր մոտեցումները ձեզ կդարձնեն 1915-1923 թվականներին 1.5 միլիոն հայերի ոչնչացման համար իր մեղքն այդպես էլ չընդունած Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակության եւ նրա զինակից Ադրբեջանի մեղսակիցը:

Հարգանքով եւ ողջամտության հույսով`

Լարիսա Ալավերդյան`

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ