12 10 2020

Ավելի քան երկու շաբաթ՝ Արցախը միջազգային մամուլի լրահոսում

Ավելի քան երկու շաբաթ՝ Արցախը միջազգային մամուլի լրահոսում

Ավելի քան երկու շաբաթ է Արցախում պատերազմ է։ Թշնամին որևէ կերպ չի հանդարտվում։ Ադրբեջանն անգամ հումանիտար հրադադարի պայմանավորվածության պայմաններում հրթիռակոծում է խաղաղ բնակավայրերը և շարունակում է կրակել։ Արդեն երկու շաբաթի ավելի է Լեռնային Ղարաբաղը գտնվում է համաշխարհային ԶԼՄ-ների գլխավոր էջերում։ Yerevan.Today-ը պարբերաբար ներկայացնում է՝ ինչպիսինն է միջազգային ԶԼՄ-ների արձագանքը արցախա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ (Նախորդ օրերի անդրադարձերը այստեղ)։

Ստորև ներկայացնում ենք հոկտեմբերի 11-ի և  հոկտեմբերի 12-ի միջազգային մամուլի հրապարակումներից։

«Ի՞նչ կզգար իր նախապապը». The Sunday Times-ի հոդվածագիրը Բորիս Ջոնսոնին հիշեցրել է իր թուրք նախապապի սպանության պատճառը

Բրիտանական The Sunday Times-ը «Թուրքիայի խաղը մահաբեր է, եւ Ջոնսոնը դա լավ գիտի» վերտառությամբ հոդված է հրապարակել, որի հեղինակ Դոմինիկ Լոուսոնը հիշեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ իր թուրքական արմատների եւ Օսմանյան կայսրությունում իր նախապապի դաժան սպանության մասին:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Փորձեք պատկերացնել, եթե կարող եք, որ Գերմանիան ռազմական ճանապարհով միջամտում է Իսրայելի եւ պաղեստինցիների վեճին՝ վարձկաններ ուղարկելով հրեական պետության դեմ պայքարելու համար, դրա համար օգտագործելով իր կործանիչները, որպեսզի խփի իսրայելական դրոնները, որպեսզի հրթիռակոծի քաղաքացիական շրջանները։ Դա անհնար է պատկերացնել, որովհետեւ ժամանակակից Գերմանիան խորապես գիտակցում է իր պատմական փաստերը եւ դրա հետ կապված բարոյական պատասխանատվությունը։ Հոլոքոստի ժխտումը քրեական հանցագործություն է, եւ Բեռլինում կան հրեա զոհերի բազմաթիվ հուշարձաններ։

Փաստացի լրիվ հակառակ պատկերն է Թուրքիայում, որտեղ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը հանցագործություն է որակում 1915 թվականին սառնասրտորեն կազմակերպված հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը միայն քաղաքական շահ է տեսնում Սիրիայից հազարավոր ջիհադիստների Ադրբեջան ուղարկելու մեջ, որպեսզի նրանք Ադրբեջանի բանակի հետ միասին կռվեն Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ, այդ թվում՝ Թուրքիան իր կործանիչներով հրթիռակոծում է ոչ միայն ԼՂ բնակավայրերը, այլեւ դրա համար օգտագործում է Հայաստանի օդային տարածքը, որը հանգեցրել է խաղաղ բնակչի մահվան։

Այդ տարածքը (Լեռնային Ղարաբաղը), որտեղ միշտ բնակվել է առավելապես հայ բնակչություն, Ստալինի կողմից հանձնվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ տարածքի բնակչությունը քվեարկել է անկախության օգտին։ Դա հանգեցրել է պատերազմի, սակայն ՌԴ-ի միջնորդությամբ խաղաղություն է հաստատվել, մինչեւ որ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները։

Այստեղ ամբողջ նորությունն այն է, որ հակամարտությանը խառնվել է Թուրքիան։ Սա որպես իսլամիզմի ռազմական հովանավոր հանդես գալու Էրդողանի վճռականությունն է։ Նա դա արել է Սիրիայում, Լիբիայում, հիմա էլ Կովկասում։ Զարմանալի է, որ դա անում է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը։ Միայն Ֆրանսիան է պատրաստ մատնանշել այդ փաստը։ Հենց Մակրոնն էր, որ նախորդ շաբաթ հրապարակավ հայտարարեց, որ Անկարան հազարավոր վարձկան իսլամիստների է ուղարկել ԼՂ հակամարտության գոտի։

Այս առումով Բրիտանիայի կառավարության լռությունն ամոթալի է»։

Թերթը նաեւ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ մանրամասն ներկայացնելով դրա պատճառները, նաեւ դրա կապը Բրիտանիայի այսօրվա վարչապետ Ջոնսոնի պապի հետ։

«Իրականում Բրիտանիայի վարչապետի ընտանիքը սերտորեն կապված է այս դրվագի հետ։ Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը, թուրք լրագրող եւ խմբագիր էր, որը մտավ քաղաքականություն եւ դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Նա, թերեւս, ավելի, քան ցանկացած այլ օսմանյան հանրային գործիչ, վճռական էր արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների համար պատասխանատու հազարավոր ոճրագործներին, եւ բաց արտահայտվում էր այդ մասին:

1919 թվականին նա գրել էր. «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լցված է ապուշներով: Մենք թալանել ենք այն մարդկանց ունեցվածքը, որոնց մենք արտաքսել եւ կոտորել ենք... կատարվել է պատմականորեն եզակի հանցագործություն, հանցագործություն, որի առաջ աշխարհը սարսռում է»:

Հենց այս արտահայտությունները (որոնք ոճի տեսանկյունից նման են նրա մեծ ծոռան արտահայտվելու ոճին) հանգեցրին նրան, որ Քեմալին առեւանգեցին Ստամբուլի վարսավիրանոցներից մեկից եւ քարկոծման ենթարկեցին: Մի պատմություն նկարագրում էր, թե ինչպես «հետագայում նրա արյունաշաղախ մարմինը կախաղան հանվեց եւ կրծքավանդակի վրա այս գրությունն էր. «Արթին Քեմալ»: Բանն այն է, որ «Արթինը» հայկական անուն է. մարդասպանների կարծիքով, սա նրա դիակի վրա գրելը վերջնական վիրավորանքի ձեւ էր»:

Հեղինակը գրում է, որ, իր իմացությամբ, Բորիս Ջոնսոնը հպարտանում է իր թուրքական արմատներով, եւ երբ նա դարձավ Բրիտանիայի վարչապետը, թուրքական մամուլը նրան անվանում էր «Օսմանյան կայսրության թոռ»:

«Նա երբեւէ հրապարակայնորեն չի խոսել իր նախապապի սպանության կամ դրա պատճառների մասին: Կասկածում եմ, որ նա այդ թեման բարձրացրել է նաեւ սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում, ըստ ամենայնի, շոշափվել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները»,- գրել է թերթը։

Պարբերականը հոդվածի վերջում երեք հարց է բարձրացնում. «Իսկապե՞ս Էրդողանն այն մարդն է, որին բրիտանական կառավարությունը պետք է ավելացնի զենքի վաճառքը։ Ի՞նչ կզգա բրիտանիայի վարչապետը, երբ տեսնի, որ նրանք կոտորում են ավելի ու ավելի շատ հայերի, եւ վերջապես ի՞նչ կզգար իր նախապապը»։

Բաքվի համար լիակատար ֆիասկո կլինի. Հայաստանը դեռևս գործի չի դրել հրետանու և հրթիռային զորքերի իր հաղթաթուղթը. Военное Обозрение

Չնայած Մոսկվայի կողմից ձեռնարկվող փորձերին, որոնք ուղղված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա շրջապատին ուշքի բերելուն և ղարաբաղյան հակամարտության հերթական փուլի դիվանագիտական կարգավորման գործընթացը նախաձեռնելուն, Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը և պաշտպանության գերատեսչությունը շարունակում են պնդել ԼՂ-ի արևմտյան և հարավ-արևտյան ուղղությամբ հարձակողական գործողություններ կատարելու իրենց ցանկությունը, ընդ որում՝ հարվածներ հասցնելով ոչ միայն ԼՂՀ Պաշտպանական բանակի, այլև նպատակային հարվածներ հասցնելով Ստեփանակաերտի բնակելի թաղամասերի և այնպիսի պատմական կոթողների ուղղությամբ, ինչպիսին է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, գրում է Военное Обозрение կայքը:

Պարզ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար, պաշտոնական Բաքվի խնդրանքով), ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտական տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել է Ադրբեջանի կարծիքն այն մասին, որ վերոնշյալ հանցավոր գործողություններն ընդհանուր հաշվով ոչ մի հետևանք չեն ունենա:

Վերոնշյալ հանգամանքների դեպքում Հայաստանի հրետանու և հրթիռային զորքերի համար առաջնային կարևորության հարց է դառնում արդյունավետ «գլխատող» հրթիռային հարվածներ հասցնելը Ադրբեջանի ԶՈՒ պահուստային ստորաբաժանումների, զինամթերքի և վառելիքաքսուքային պահեստների, ավիաբազայի, նյութատեխնիական ապահովման կետերի ուղղությամբ: Մինչդեռ նման հարվածների առավելագույն արդյունավետության կարելի է հասնել միայն թշնամու հակահրթիռային «անձրևանոցի» հաջող հաղթահարման դեպքում, որը ձևավորվել է Ադրբեջանի կենտրոնական և արևելյան շրջաններում հեռավար շառավղով «Ֆավորիտ» Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթիռային համակարգերով, իսրայելական Barak-8/ER միջին/մեծ հեռավորության զենիթահրթիռային համակարգերով, ինչպես նաև իսրայելական նեղմասնագիտացված հակահրթիռային միջին հեռավորության Iron Dome համակարգերով:

Ինչ վերաբերում է Երևանի «ռազմավարական ակտիվ» հանդիսացող «Իսկանդեր Է» հրթիռային համակարգին, ապա 9Մ723-1Է բալիստիկ հրթիռների գործառնական-մարտավարական արձակումը կապահովի Ադրբեջանի ՀՕՊ զորքերի էշելոնացված հակահրթիռային արգելքի լիարժեք «ճեղքում»՝ չթողնելով Ս-300ՊՄՈՒ-2, Barak-8ER և Iron Dome համակարգերին հակազդելու և ոչ մի հնարավորություն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ է․ արդյո՞ք Թրամփը տեղյակ է այդ մասին․ New York Magazine

Մոտալուտ նախագահական ընտրությունները, ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր ալիքը և նախագահ Դոնալդ Թրամփի՝ COVID-19-ի դեմ սեփական պայքարն ամերիկացիների ուշադրությունը շեղել են աշխարհում կատարվող այն իրադարձություններից, որոնց արժե ուշադրություն դարձնել, գրում է New York Magazine-ը՝ անդրադառնալով ԼՂ-ում ընթացող պատերազմին և այդ հարցում ԱՄՆ-ի վարած չեզոք քաղաքականությանը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, ԼՂ-ում կատարվող իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ի ուշադրության և մասնակցության բացակայությունը նպաստում է հակամարտության արագ սրմանը և նվազեցնում է դրա շուտափույթ լուծման հեռանկարները և «չնայած դա ոչ մի կերպ չի ազդի ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա, դա միջազգային ճգնաժամ է, որտեղ ԱՄՆ նախագահը կարող է իրապես փոխել ստեղծված իրավիճակը»։

«Այս հակամարտության խորացնող գործոն է այն, որ պատերազմող կողմերի առավել հզոր հարևանները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, իրենց շահերն ունեն Հարավային Կովկասում և հնարավորություն ունեն կա՛մ ապաէսկալացնել, կա՛մ էլ սրել հակամարտությունը»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ԼՂ-ում պատերազմին մասնակցելու համար Սիրիայից մոտ 1500 վարձկան է ուղարկել Ադրբեջան։

Ընդգծելով հրադադարի հաստատման և հակամարտությունը ապաէսկալացնելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը՝ հոդվածագիրը նշում է, որ Մինսկի խմբի անդամներից մեկը՝ ԱՄՆ-ն, ակնհայտորեն ջանքեր չի գործադրում այդ ուղղությամբ, իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անցյալ շաբաթ մեկնաբանելով հակամարտությունը, հասկացրել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում միջամտել:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն Էրդողանի հետ ընկերական հարաբերություններ ունի, կարող է փորձել զանգահարել իր թուրք գործընկերոջը և հորդորել նրան դադարեցնել հակամարտության էսկալացիան։ Բայց, իհարկե, նախագահը շատ զբաղված է․ փորձում է փրկել իր քարոզարշավը և համոզել ամերիկացիներին, որ COVID-19-ը նրան չի հյուծել. ամեն դեպքում, երկու երկրների միջև հակամարտության լուծումը մի տարածաշրջանում, որի տեղը շատ ամերիկացիներ չեն կարող գտնել քարտեզի վրա, հաջորդ ամիս նրան որևէ ձայն չի բերի, այնպես որ ինչո՞ւ անհանգստանալ»,- գրում է հոդվածագիրը։

Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդության բացակայությունը հանգեցնում է նման հակամարտությունների առաջացմանը և դժվարացնում է դրանց խաղաղ կարգավորումը:

«Վերջին երեք տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, թե ինչպես են ոմանք, իրենց շահերից ելնելով, օգտվել Թրամփի վարչակազմի «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով վարած արտաքին քաղաքականությունից, և զարմանալի չէ, որ Ադրբեջանի նման փոքր երկիրը ձգտում է սահմանային վեճը կարգավորել ռազմական ճանապարհով, մինչ ԱՄՆ-ն դեռևս կառավարում է մի մարդ, որը շահագրգռված չէ դիվանագիտական առաջնորդությամբ»,-եզրափակում է հեղինակը:

Ինչպես թշնամական Թուրքիան, Իսրայելն ու Պակիստանը միավորվեցին՝ ԼՂ հակամարտության հարցում կանգնելով Ադրբեջանի կողքին․ The New Arab

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը վերաճել է պատերազմի։ Վերջին սրացման մեջ ներգրավված են նաև տարբեր երկրներ, ընդ որում՝ Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստանն աջակցում են Հայաստանին, մինչդեռ Թուրքիան, Իսրայելը և Պակիստանը միավորվել են՝ կանգնելով Ադրբեջանի կողքին, գրում է The New Arab թերթը։

Ինչպես ընդգծում է թերթը, սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների վերսկսումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապել է իր լիակատար աջակցությունը հայտնել Բաքվին և հրահրում է շարունակել ռազմական գործողությունները։

«Հետևելով այդ հարցում Անկարայի դիրքորոշմանը՝ Պակիստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին»,- գրում է թերթը՝ ընդգծելով, որ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, միչդեռ Իսրայելը, որն ակնհայտորեն նույնպես աջակցում է Ադրբեջանին, դիվանագիտական հարաբերություններ ունի Հայասատնի հետ։

Ըստ Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ Իսրայելը 2006-2019թթ. ընկած ժամանակահատվածում Բաքվին 825 մլն դոլարի զենք է տրամադրել: Բացի այդ, տրամադրել է նաև տարբեր պաշտպանական տեխնոլոգիաներ, այդ երկրում են պատրաստվել նաև ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները։

Լուրերի համաձայն՝ Պակիստանը նույնպես ռազմական առումով օգնել է Բաքվին, սակայն Իսլամաբադը հերքում է այդ հաղորդագրությունները, մինչդեռ Թուրքիան Ադրբեջանին է տրամադրել իր ամբողջ ռազմական զինանոցը, այդ թվում՝ F-16 մարտական օդանավերը։

«Հետաքրքիր է, որ թեև Անկարան և Իսլամաբադը սերտ հարաբերություններ ունեն, նրանք հեռավոր կամ ընդհանրապես կապ չունեն Թել Ավիվի հետ։ Պակիստանը չի ճանաչել Իսրայելը պաղեստինյան հարցի պատճառով, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան»,- նկատում է պարբերականը՝ ընդգծելով, որ «փորձագետների կարծիքով՝ Պակիստանը կարող է դառնալ այն սակավաթիվ երկրներից մեկը, բացի Իրանից, որը երբեք չի ճանաչի Իսրայելը, ուստի Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու ցանկացած համատեղ ջանք քիչ հավանական է»:

Թերթը նաև նշում է, որ Անկարան, Թել Ավիվ և Իսլամաբադ զգալի էներգակիրներ են ստանում Ադրբեջանից, և եթե Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը ձգձգվի, դա կարող է բացասաբար ազդել բոլոր երեք երկրների էներգետիկ անվտանգության վրա, քանի որ Բաքվի հիմնական արտահանման խողովակաշարերի մեծ մասը գտնվում է Հայաստանի հետ սահմանից մոտ 10 մղոն հեռավորության վրա:

Լեռնային Ղարաբաղի հարցում Դոնալդ Թրամփի լռությունը ընտրություններին ընդառաջ վրդովվեցնում է ամերիկահայերի համայնքին. The Hill

Հարավային Կովկասում մի քանի շաբաթ ձգվող հակամարտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լռությունը մտահոգում է Նահանգների հայ համայնքին, որն իր բողոքն է արտահայտում Թրամփի վարչակազմի անգործության պատճառով:

«Ամերիկայի 1,5 միլիոնանոց հայ համայնքը կոչ է արել նախագահին և Կոնգրեսին դատապարտել Ադրբեջանին: Համայնքը նաև վրդովված է հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությամբ և նախագահի՝ Անկարային դատապարտելու ցանկության բացակայությամբ»,- այս մասին գրում է The Hill պարբերականy:

Լրատվամիջոցը նկատել է, որ հինգշաբթի հազարավոր ամերիկահայեր հավաքվել էին Սպիտակ տան մոտ իրենց բողոքը հայտնելու Թրամփի կողմից անգործությանը:

«Թեկուզ Թրամփը մեկ թվիթ գրեր խաղաղության կոչով: Անգամ դա տեղի չի ունենում»,-ասել է Նահանգներում բողոքի ակցիաները կազմակերպած անձանցից Արսեն Խառատյանը:

Սեպտեմբերի 29-ին նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել էր, որ Թրամփը պետք է կոչ անի Հայաստանի և Ադրբեջանի առաջնարդներին դադարեցնել ռազմական գործողություններն ու դատապարտել Թուրքիայի միջամտությունը:

Ըստ պարբերականի՝ Թրամփը միացել էր Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ հայտարարությանը, սակայն Թուրքիան չէր անվանել հակամարտությանը միջամտող երկիր: Նշվում է, որ Թրամփը կարգավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր փոխհարաբերությունները:

«Հուսադրող է փոխնախագահ Բայդենի քննադատությունը Թուրքիայի միջամտության մասին»,-ասել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը,- «Մենք դեռ պետք է դա լսենք Թրամփից, հենց դրա վրա են ուշադրություն դարձնում երկրի հայերը»:

Պարբերականը նկատում է, որ այս հարցը դժվար թե փոխի նախագահական ընտրությունների ընթացքը, սակայն 2020-ի համար այնուամենայնիվ հետևանքներ կունենա:

Ամենամեծ հայ համայնքները Լոս Անջելեսում են, Նյու Յորքում եւ Բոստոնում, որոնք Բայդենի համար անվտանգ  նահանգների ժողովրդավար քաղաքներ են:

Որպես համախմբված քրիստոնեական համայնք՝ ամերիկահայերը ամենայն հավանականությամբ կքվեարկեն իրենց հուզող հարցերի հիման վրա, այլ ոչ թե ընտրելով կուսակցությունը: Բացի ներքին խնդիրներից, նրանք ընտրում են թեկնածուներին Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունըճանաչելու, կրոնական ազատությունը սատարելու և պատմական հայրենիքի հետ դրական հարաբերությունների հիման վրա:

Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկումը համախմբել է ամերիկահայերի համայնքը, որը խորը կապ և պատասխանատվություն է զգում Հայաստանում տեղի ունեցողի հետ և հանդես է գալիս հակամարտության գոտում ապրող հայերի պաշտպանության օգտին:

«Բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է»․ The Sunday Times-ը՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի մասնակցության, Բրիտանիայի վարած քաղաքականության և Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի մասին

Փորձեք պատկերացնել, որ Գերմանիան միջամտում է Իսրայելի և պաղեստինցիների միջև ռազմական հակամարտությանը՝ հրեական պետության դեմ պայքարելու համար ուղարկելով վարձկաններ, օգտագործելով իր կործանիչները և ռմբակոծելով քաղաքացիական տարածքները. դա անհնար է պատկերացնել, քանի որ ժամանակակից Գերմանիան խորապես գիտակցում է իր պատմական անցյալը և դրա հետ կապված բարոյական պատասխանատվությունը. Հոլոքոսթի ժխտումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում հրեական զոհերի բազմաթիվ հուշարձաններ կան, գրում է The Sunday Times թերթը՝ համեմատականներ տանելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության հետ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հրահրած պատերազմին՝ հոդվածագիր Դոմինիկ Լոսոնը նշում է, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը հազարավոր ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելով միայն քաղաքական շահ է տեսնում»։

Մատնանշելով ղարաբաղյան հակամատությունում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնակցությունը և Ֆրանսիայի հնչեցրած կոշտ դիրքորոշումը, հոդվածագիրը հայտնում է, որ «բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է», քանի որ ինչպես «Լորդ Բայրոնն է ասել «հայոց լեզուն այն լեզուն է, որով կարելի է խոսել Աստծո հետ», իսկ Ուիլյամ Գլադստոնի խոսքով՝ «ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»:

«Հայրական կողմից Բորիս Ջոնսոնի (Մեծ Բրիտանիայի վարչապետ) նախապապը Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր էր, ով քաղաքականության մեջ մտավ և դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար: Նա վճռական էր տրամադրված պատասխանատվության ենթարկել հայերի զանգվածային սպանությունների հազարավոր մեղավորներին, և այդ մասին բացահայտ հայտարարել է»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ իր բազմաթիվ հայամետ հայտարարությունների համար վերջինս դաժանորեն սպանել են։

Հոդվածագրի խոսքով՝ «թեև Բորիս Ջոնսոնը, ինչպես ասում են, հպարտանում է իր թուրքական ծագմամբ, իսկ երբ նա դարձավ վարչապետ թուրքական մամուլը նրան հռչակեց «օսմանների թոռ», նա երբեք հրապարակավ չի խոսել իր նախապապի սպանության կամ դրա պատճառների մասին»։

«Այս կապակցությամբ առաջանում է երեք հարց․ արդյո՞ք Էրդողանն այն մարդն է, ում բրիտանական կառավարությունը պետք է ավելացնի զենքի վաճառքը։ Ինչպե՞ս կզգա վարչապետը, եթե նրանք ավելի շատ հայերի սպանեն և ի՞նչ կասեր նրա նախապապը»,- գրում է հոդվածագիրը։

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պատճառով ԼՂ հակամարտությունը սպառնում է վերաճել տարածաշրջանային պատերազմի»․ Los Angeles Times-ը՝ Էրդողանի տարածաշրջանային նկրտումների մասին

Արդեն երկու շաբաթ է՝ Հարավային Կովկասում Արցախի խաղաղ բնակիչները ենթարկվել են ադրբեջանական հրթիռների, հրետանու և անօդաչու թռչող սարքերի անխնա ու մահաբեր գնդակոծությանը, գրում է Los Angeles Times-ը։

Ինչպես նկատում է պարբերականը, այս հարձակումները առավել վտանգավոր են, քանի որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին ու զինում իր զինանոցով։ Հակամարտությունը սպառնում է վերաճել տարածաշրջանային պատերազմի, եթե ոչ ավելի մասշտաբային պատերազմի, եթե Միացյալ Նահանգները և մյուս համաշխարհային տերությունները չմիջամտեն։

«Տպավորություն է՝ Թուրքիան փորձում է լայնածավալ պատերազմ հրահրել Հարավային Կովկասում։ Էրդողանի համար, որն արդեն հասցրել է միջամտել Սիրիայում և Լիբիայում քաղաքացիական պատերազմներին, Լիբանանի և Էգեյան ծովի գործերին և հավաքել իսլամիստ զինյալների բանակ, այս հակամարտությունը Թուրքիայի համար վերջին փորձությունն է, որը ցույց կտա, թե ինչպիսի աններելի գործողություններ են պատրաստվում հանդուրժել Թուրքիայի արևմտյան դաշնակիցները»,- գրում է թերթը։

Հոդվածագրի խոսքով՝ աշխարհը չպետք է երես դարձնի ստեղծված իրավիճակից։ Լինելով Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ՝ Թուրքիան պարտավոր է իրեն պահել որպես պատասխանատու միջազգային սուբյեկտ, և չխրախուսել էթնիկ ատելությունն ու տարածաշրջանային պատերազմները։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը պատերազմ հրահրելու միջոց չէ։ Միացյալ Նահանգները կարող էր միջամտել՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս չմիջամտի Արցախյան հակամարտությանը և նվազեցնի Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասում»,- նկատում է հոդվածագիրը:

«Ամեն օր նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները «The National»-ին պատմել են՝ ինչպես են Թուրքիայում հավաքագրվել ու մեկնել Ադրբեջան

Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը:

Հոդվածը վերնագրված է. «ԼեռնայինՂարաբաղում Թուրքիայի սիրիացի վարձկանները հարցնում են. Ինչո՞ւ ենք մենք այստեղ»:

Ըստ պարբերականի՝ գրոհայինները եկել էին կռվելու փողի համար, բայց մարտերի սրությունը նրանց ստիպում է մտածել միայն Սիրիայում գտնվող իրենց ընտանիքի մասին:

«National»-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկումից անմիջապես հետո Թուրքիան հազարավոր սիրիացիներ է ուղարկել Ադրբեջանի կողմից կռվելու:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում սպանվել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ավելի քան 30-ը վիրավորվել են:

Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը հերքել է վարձկանների օգտագործման մասին լուրերը:

Միջազգային և ռուսական ԶԼՄ-ների աշխատանքին հետևել է նաև «Մեդիա պաշտպանը», որի ուսումնասիրությունները կարող եք տեսնել այստեղ և այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ