Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ։ Արդեն տասներեք օր է թշնամին թիրախավորվել է ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանը, այլև խաղաղ բնակչությանը։ Ինչպես արտասահմանից, այնպես էլ Արցախում՝ առաջին գծից իրադարձությունները մեկնաբանում են բազմաթիվ միջազգային լրատվամիջներ։ Արցախը այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Yerevan.Today-ն ըստ օրերի ներկայացնում է միջազգային մամուլի անդրադարձը Արցախյան իրադարձությունների վերաբերյալ։ (Նախորդ օրերի հրապարակումները՝ այս հղումով)։
Ստորև ներկայացնում ենք հոկտեմբերի 8-ի և հոկտեմբերի 9-ի միջազգային մամուլի հրապարակումներից։
Ռուսաստանի ՕՏՈՒ-ն հարվածներ կհասցնի ղարաբաղյան ճակատի համար գրոհայինների պատրաստման ճամբարներին. War Gonzo
Ռուսաստանի ՕՏՈՒ-ն հարվածներ կհասցնի ղարաբաղյան ճակատի համար գրոհայինների պատրաստման ճամբարներին, հայտնում է War Gonzo-ի տելեգրամ ալիքը։
«Ղարաբաղի համար ահաբեկիչների պատրաստման ճամբարների ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հետախուզական մարմինների նոր արշավի շրջանակում կատարվում է ահաբեկչական օբյեկտների լրացուցիչ հետախուզում՝ միավորված պարգեւատրման դիմաց թուրքամետ գրոհայինների հետ։
Հիշեցնենք, որ ստացված տեղեկությունների թվում եղել են նաեւ տեղեկություններ Ղարաբաղի համար գրոհայինների պատրաստման ճամբարների մասին։ Ստացած տեղեկությունների մեծամասնությունը հաստատվում է․ նշված կոորդինատներով հայտնաբերվել են հրամանատարական կետերը, գրոհայինների պատրաստման ճամբարները եւ ապօրինի զինված կազմավորումների ենթակառուցվածքի այլ օբյեկտներ, որոնցում գրանցվում է բանդաների ակտիվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախը. Newsweek
Քրիստոնյա ժողովրդի հողի վրա իսլամիստական ագրեսիան եւ էքսպանսիան չպետք է 21-րդ դարի իրողություն լինեն, սակայն դա այդպես է: Ինչն ավելի վատ է, այսօրվա կոնֆլիկտում ագրեսորները ստանում են ԱՄՆ-ի արտասահմանյան օգնությունը: Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն պատասխանի հայերի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակմանը: Այս մասին Newsweek-ում իր հոդվածում գրում է Գեւին Վաքսը.
«Հարյուրավոր մարդիկ, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվում, մինչդեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծանր բախումների երկրորդ շաբաթը պոտենցիալ վերածվում է երրորդ շաբաթի:
Արցախի Հանրապետության բնակչության 99%-ը հայեր են: Լինելով աշխարհում հնագույն քրիստոնեական պետությունը՝ այն մնում է իսլամիզմի ոտնձգությունների ճակատ: Հողի համար պայքարը պաշտոնապես շարունակվում է Խորհրդային Միության փլուզման պահից, սակայն 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագիրը պահպանել է հարաբերական անդորրը մինչեւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից լուրջ էսկալացիան: Տարածաշրջանային փորձագետ Թոմաս դե Վաալն Ադրբեջանին ագրեսոր է անվանել:
Հայաստանը մեղադրել է նաեւ Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջը, հարձակումը նախաձեռնելու մեջ: Թուրքիայի գործողությունները պայմանավորված են նեոօսմանական կայսրություն ստեղծելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ջանքերով:
Հաղորդվում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին մարտական ԱԹՍ-ների միջոցով եւ հավաքագրում սիրիացի գրոհայանների, որոնց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վարձել էր սիրիական կառավարությունը տապալելու համար: Քանի որ վարձկան գրոհայինները ձախողել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու իրենց առաքելությունը, նրանք իրենք իրենց դրսեւորելու վճարովի հնարավորության հուսահատ կարիք ունեն:
Մտածեք այդ մասին: Այն «չափավոր ապստամբ» իսլամիստները, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ ամերիկյան սպառազինություն են ստացել, այժմ ներգրավված են քրիստոնյա համայնքի բռնի գրավման մեջ:
Պարտադիր չէ, որ դա նշանակի, թե ԱՄՆ կառավարությունը կամ զինվորականները պետք է կարգ հաստատեն: Մեծ է հավանականությունը, որ ուղիղ միջամտությունը միայն կվատացնի վիճակը:
Սակայն «Ամերիկան՝ ամենից առաջ» աշխարհաքաղաքական հեռանկարը երբեք չպետք է թերագնահատի ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը, ներառյալ՝ առեւտրային պատժամիջոցներ սահմանելու, Հարավային Կովկասում այդ թվում Թուրքիայի կողմի չարամիտ պահվածքի համար կանխելու նրանց կարողությունը:
Բացի անուղղակի օգնությունից եւ լոբինգից, որոնք ԱՄՆ-ը ցուցաբերում է Թուրքիայի անունից միջազգային մակարդակում, այդ երկիրը ստանում է մոտ 153 մլն դոլար որպես արտասահմանյան օգնություն: Ադրբեջանը ստանում է մոտ 14 մլն դոլար: Լավ կլիներ սկզբի համար այդ դոլարները տանը պահել:
Բացի այդ, Թուրքիան պետք է բացառվի ՆԱՏՕ-ից: Այս մասին Կոնգրեսում խոսում են արդեն մեկ տարուց ավելի:
Եթե ԱՄՆ-ը բավարար ճնշում չգործադրի Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ դնի մարտական գործողություններին, ապա ակնհայտ է, որ այլեւս պատճառ չի լինի շարունակելու աջակցությունն այդ երկրներին կամ նույնիսկ պահպանելու ռազմավարական գործընկերությունը:
ԱՄՆ-ը շահագրգրռված է Մերձավոր Արեւելքում քրիստոնյա ժողովուրդների պահպանման հարցում:
Իրաքում իսլամիզն աճել է գրեթե 1,5 մլն իրաքցի քրիստոնյաների հաշվին, որոնցից շատերն այլեւս չկան: Իրաքում եւ Սիրիայում քրիստոնեական եկեղեցիների եւ հուշարձանների հետագա փլուզմանը հետեւելն անօգուտ է: Արդյունքում միայն աճել են սպառնալիքներն ԱՄՆ ազգային անվտանգության համար:
Հայերն արդեն կորցրել են իրենց քրիստոնեական մշակութային ժառանգության մեծ մասը Խորհրդային միության տարիներին, իսկ մինչ այդ՝ Հայոց ցեղասպանության շրջանում: Արցախի Հանրապետությունում պահպանվել է մի քանի հուշարձան, այդ թվում IV դարի վանք: Պաշտպանելու համար այն, ինչ մնացել է, ԱՄՆ-ը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախը, քանի որ հայերի մոտ չկան ո՛չ ամբիցիաներ, ո՛չ ցանկություն՝ գրավել հողեր իր սահմաններից դուրս:
«Ամերիկան՝ ամենից առաջ» արտաքին քաղաքականությունը պետք է հետագայում եւս ստվեր նետի ստատուս-քվոյի արտաքին քաղաքականության վրա, եւ առաջին կարեւոր քայլը կարող էր լինել ցանկացած օգնության դադարեցումը նրանց, ովքեր փլուզում են Հայաստանի քրիստոնեական քաղաքակրթությունը»:
Դիվանագիտությունն առայժմ ի զորու չէ լուծել Անդրկովկասում ընթացող հակամարտությունը. Коммерсантъ
Հոկտեմբերի 8-ին կրկին հրետակոծության տակ էին հայտնվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքը: Հրթիռները հարվածել էին նաև Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ղախանչեցոց եկեղեցուն, գրում է Коммерсантъ թերթը՝ հավելելով, որ կատարվածի հետևանքով վիրավորվել են երկու ռուս լրագրող և նրանց ուղեկցողներ:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպես և սպասելի էր, հերքում է, որ դա եղել է «կանխամտածված և նպատակաուղղված հարված եկեղեցու և լրագրողների ուղղությամբ»,-նկատում է աղբյուրը:
Коммерсантъ-ն ընդգծում է, որ արդեն 2 շաբաթ ձգվող լարվածությունը փորձում են լուծել դիվանագետները, սակայն առանց որևէ առաջխաղացման: Հինգշաբթի Ժնևում հավաքվել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Հանդիպումը կայացել է գաղտնի վայրում և փակ ձևաչափով: Հայտնի է միայն, որ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ հանդիպել է Ադրբեջանի արտգործանախարար Ջեյհուն Բայրամովը: Սակայն թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդպես էլ չեն հայտնել: Հաջորդ կարևոր դիվանագիտական իրադարձությունը կլինի ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա:
Որոշակի կողմնորոշվածություն է հայտնվել ՀԱՊԿ-ի դիրքորոշման մեջ, որի կազմում են նաև Ռուսաստանը և Հայաստանը: Ինչպես հասկացրել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը, կազմակերպությունում չեն հավատում հակամարտության մեջ Թուրքիայի անմիջական ռազմական միջամտությանը: Նրա խոսքով, եթե Թուրքիան գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակում, ապա նա դրա իրավունքն ունի:
«Եթե նա դուրս է գալիս այդ շրջանակից, մենք դա չենք ողջունում, ինչպես և այլ երկրների միջամտությունը»,- ասել է Զասը:
Ընդ որում, հակամարտությանը Մերձավոր Արևելքից բերված վարձկանների մասնակցությունը ավելի քիչ կասկածներ է առաջացնում:
Պաշտոնյան հավելել է, որ այժմ իր համար դժվար է դատել ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ բերելու կազմակերպման և մասշտաբների մասին, սակայն, ամենայն հավանականությամբ, այն առկա է:
08.10
Քիմ Քարդաշյանն իր աստղային ուժն օգտագործում է՝ ստիպելու ԱՄՆ-ին առավել ակտիվ քայլեր անել ԼՂ հակամարտության կարգավորման համար. The Hill
Իրապատում շոուի աստղ և քրեական արդարադատության բարեփոխումների պայքարի ջատագով Քիմ Քարդաշյան Ուեսթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելին անի Հայաստանին աջակցելու համար՝ հարևան Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում:
Այս մասին գրում է The Hill պարբերականը՝ նշելով, որ հայկական արմատներ ունեցող Քիմն իր հարյուր միլիոնավոր հետևորդներին է փորձում հասցնել խնդրի կարևորությունը՝ հորդորելով նրանց դիմել Կոնգրեսին և պահանջել Ադրբեջանի դատապարտումը՝ որպես ռազմական գորողությունների նախաձեռնող կողմի և Թուրքիայի դատապարտումը հակամարտությանը միջամտելու համար:
«Քարդաշյանը, որն անմիջական կապի մեջ է Թրամփի փեսա և ավագ խորհրդատու Ջարեդ Քուշների հետ, ներուժ ունի վարչակազմին դրդելու առավել ակտիվ գործունեություն ծավալել»,- գրում է պարբերականը:
Աղբյուրն անդրադարձել է նաև ամերիկահայ բժիշկ, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի ակտիվ գործունեությանը, որը համագործակցում է Քիմի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ հայտնի ամերիկահայերի հետ՝ իրավիճակի շուրջ իրազեկությունը բարձրացնելու և միջազգային հանրության ուշադրությունը ներկայիս իրադրությանը հրավիրելու համար:
«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post
Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջան զենքի մատակարարումների առնչությամբ, Media Line լրատվական գործակալությանը հղումով գրում է The Jerusalem Post պարբերականը։
Media Line-ը զրուցել է Իսրայելում հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաների հետ:
«Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայ ժողովրդին, այլև իսրայելցի ժողովրդին»,- Media Line-ին ասել է Իսրայելում «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։
Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան Տորն, իր հերթին, հայտնել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են:
«Ամեն դեպքում հարաբերությունները բավականին սահմանափակ էին և համեմատաբար թերզարգացած»,- ասել է նա։
Ինչպես նշում է թերթը, մինչ կորոնավիրուսի համավարակի բռնկումը երկկողմ հարաբերություններում դրական միտում է նկատվել։
«Հենց հիմա ոչ մի իրական առևտրային գործունեություն չկա։ Սովորաբար Իսրայելը Հայաստանում մեծ աջակցություն է վայելում։ Բայց հիմա դա հօդս է ցնդում»,-հայտարարել է Ցվի Կան-Տորը:
Նրա խոսքով՝ Հայաստանում «Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա»:
«Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»։
Կովկասում փոքր պատերազմը մեծ դաս է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համար. Bloomberg
Փոքր պատերազմները կարող են շատ բան պատմել ժամանակակից աշխարհաքաղաքական եւ ռազմական խնդիրների մասին: Ամերիկացիների մեծամասնությունը, հավանաբար, երբեք չի լսել Կովկասում վիճելի տարածաշրջանի մասին, գրում է Bloomberg-ը.
«Սխալ կլիներ թերագնահատել մարտական գործողությունների կարեւորությունը երկու պատճառով: Առաջին՝ այդ անկարգությունն ազդում է միջազգային համակարգի վրա: Գայթակղիչ է այդ բախումը դիտարկել որպես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պրոքսի-պատերազմ՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան՝ ԱՄՆ-ի դաշնակիցը, աջակցում է Ադրբեջանին, միեւնույն ժամանակ, հայերը սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ:
Ադրբեջանը պարզապես թուրքական խամաճիկ չէ, այն բացահայտ աջակցություն է ստանում Անկարայի կողմից այս հակամարտությունում: Իրականում, Թուրքիայի վաղեմի թշնամու դեմ մարտական գործողությունների վերսկսումը ցույց է տալիս, որ պատերազմն իր աշխարհաքաղաքական հարեւանությամբ ազդեցության համար թուրքական խոշոր խաղի մի մասն է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի գործում ԱՄՆ-ի հրամանով: Թուրքիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը օկուպացնելու հարցում:
Հաղորդվում է, որ Էրդողանը Հայաստանի դեմ օգտագործել է ամերիկյան F-16 կործանիչներ եւ վարձկանների: Չնայած դրան՝ այդ մեղադրանքները հաստատված չեն:
Էրդողանի քաղաքականությանը կտրուկ արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով զգուշացրել է, որ իր կառավարությունը չի ընդունի հակամարտության էսկալացիա:
Ֆրանսիան եւ Թուրքիան Լիբիայում եւս աջակցում են հակամարտող կողմերին, ինչը հանգեցրեց նրան, որ հունիսին թուրքական ռազմանավը թիրախավորեց ֆրանսիական նավը: Ֆրանս-թուրքական վեճը վերածվեց ՆԱՏՕ-ում պառակտման, որը ուժերի ներածին չափով փորձում է պահպանել իր միասնությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «պարտվել» ներկայիս ճգնաժամում, եթե Ադրբեջանը հաղթի, սակայն նա ամեն դեպքում կարող է հաղթել, եթե ավելի լուրջ ժառանգություն դառնա առանց այդ էլ պառակտված անդրատլանտյան միության թուլացումը:
Երկրորդ պատճառն այն է, որ ոչ մեծ պատերազմները պատմականորեն ավելի խոշոր պատերազմների գլխավոր փորձն են եղել: Իսպանիայում քաղաքացիական պատերազմը ֆաշիստական գերտերություններին թույլ տվեց փորձարկումներ անել քաղաքացիական բնակչության ահաբեկչական ռմբակոծությունների հետ: Դա Գերմանիային զրահատանկային պատերազմի մասին թանկ դասեր տվեց: Ճիշտ այդպես էլ Կովկասում մարտական գործողությունների ժամանակ. վերջին բախումների շարքից մեկը կարող է լինել այն հանելուկի բանալին, թե ինչպես կծավալվի գերտերությունների հաջորդ կոնֆլիկտը:
Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը բարդ զինված ուժեր չկան, սակայն նրանց միջեւ կոնֆլիկտը հատկանշական է: Բնակավայրերի ուղղությամբ հրթիռային հարվածները հիշեցում են այն մասին, որ Ամերիկայի հակառակորդները կարող են թիրախավորել թիկունքային շրջաններն ու լոգիստիկ հանգույցները (օրինակ, Կենտրոնական Եվրոպայում), որոնք Վաշինգտոնը երկար ժամանակ անվտանգ էր համարում:
Անօդաչուները, ոչնչացնող տանկերն ու զրահատեխնիկան, ցույց են տալիս, թե որքան խոցելի կարող են լինել մեխանիզացված ուժերը, երբ դրանք հայտնաբերվում են առաջնային հաղորդիչների կողմից եւ թիրախավորում են բարձր ճշգրտությամբ զինամթերքները:
Տանկերը ձեռնտու չեն, եւ ԱՄՆ ուժերին պետք է ծանր տեխնիկա, որպեսզի դիմակայի Մերձբալթիկայում ռուսական հարվածին:
Այդուհանդերձ, ժամանակակից մարտի դաշտում նախկինի պես դժվար կլինի պահպանել միջոցները, օրինակ՝ տանկերը, օդում գերակայության բացակայության պայմաններում:
Դա մեծացնում է ԱՄՆ մարտական ուժի միջոցների մշակման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ այն հնարավորությունը, որ խոշոր գերտերության դեմ պատերազմն ավելի մահացու կլինի, քան այն, ինչը ամերիկացի զինվորականները փորձարկել են Վիետնամի պատերազմի տարիներին:
ԼՂ շուրջ կոնֆլիկտը կարող է աշխարհի անծանոթ հատվածում խորհրդային անցյալի մնացուկ թվալ: Եվ այնուամենայնիվ, ընթացող համառ մարտերն իրականում կարող են ապագայի համար նախազգուշացում լինել»:
Ստորև նաև ներկայացնում ենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ուսումնասիրությունը հոկտեմբերի 8-ի ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։
«Լենտա ռու»-ն հրապարակվել է 13 հոդված, 3՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 3՝ հայկական կողմինը, 7 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 4-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 3-ը՝ ադրբեջանամետ։
«Գազետա ռու»-ն հրապարակել է 33 հոդված, 5՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13՝ հայկական կողմինը, 15 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 15 նյութերից 11-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 60 հոդված, 13՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 30՝ հայկական կողմինը, 17 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 17 նյութից 15-ը՝ չեզոք, 1-ը՝ հայամետ, 0-ն՝ ադրբեջանամետ։
«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 37 հոդված, 9՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 13՝ հայկական կողմինը, 15 տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 15 նյութից 12-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։
«Ռեգնում»-ը հրապարակել է 47 հոդված, 9՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 20՝ հայկական կողմինը, 18՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 18 նյութերից 16-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0-ն՝ ադրբեջանամետ։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ է Թուրքիայի և Հայաստանի միջև, և ավելի լայն իմաստով ՝ «սա քրիստոնեական և մահմեդական աշխարհի հազարամյա դիմակայության շարունակությունն է»: Ուկրաինացի պատգամավորը նաև նշել է, որ քրիստոնյաներն ու ուղղափառ քրիստոնյաներն այսօր ունեն հիմնական խնդիր` «միավորվել և օգնել մեր եղբայրներին ու քույրերին՝ հանուն Քրիստոսի»:
New York Times-ի հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը Twitter-ում տեղադրել է հոկտեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկար, որում երևում է, որ առնվազն երկու F-16 կործանիչներ տեղակայված են Ադրբեջանի Գյանջայի օդանավակայանում։ Մինչդեռ, դրանց օգտագործումը ղարաբաղյան հակամարտությունում ավելի վաղ հերքել էր Բաքուն։
«ՏԱՍՍ»-ը երկու ծավալուն հոդված է հրապարակել Արցախի վերաբերյալ, որոնցից մեկում անդրադառնում է Ստեփանակերտում անընդհատ հրետակոծության տակ գտնվող մարդկանց առօրյային։
«Ռեգնում»-ը վերահրապարակել է սեպտեմբերի 28-ին արված իր վերլուծականը՝ «Բաքուն Ղարաբաղում տրորում է այն սկզբունքները, որոնց մասին ՄԱԿ-ում հենց նոր հայտարարեց Մոսկվան»։ Հոդվածի հեղինակը թվում է Մոսկվայի կողմից ՄԱԿ-ում հնչեցրած սկզբունքները (Միջազգային հիմնարար սկզբունքները. Ժողովուրդների` իրենց ճակատագիրը որոշելու և վեճերի լուծման գործընթացում ուժի սպառնալիքից կամ կիրառումից հրաժարվելու իրավունքը)՝ վերլուծականն ավարտելով հետևյալ կերպ․ «Ի դեպ, կարևոր է, որ Ադրբեջանը ոտնահարեց այդ սկզբունքները ՄԱԿ-ում ՝ դրանք հիշեցնելուց ընդամենը մի քանի օր անց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը