Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար:
Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին: Փոքրիկները դիտել են Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը: Բեմադրությանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Այսօր դուք եք մեր հյուրը, մյուս անգամ էլ մենք կհյուրընկալվենք ձեզ, որովհետև մենք միշտ միասին ենք: Մենք ձեզ շատ ենք սիրում և չենք պատկերացնում մեր կյանքն առանց ձեզ՝ հրաշալի, սիրուն, խելացի բալիկներ»,- երեխաներին ջերմորեն դիմել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և հավելել՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առաջինը կայցելի նրանց՝ նոր ներկայացմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը