Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան։
ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան-26-ում, տեղի ունեցավ նրա դիմավորման արարողությունը:
Անջեյ Դուդայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը և Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը
Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածվել, որ Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։
Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույցներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։
Նշվում է, որ նոյեմբերի 26-ին Լեհաստանի նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Լեհաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը