07 10 2020

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը․ Արայիկ Հարությունյան

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը․ Արայիկ Հարությունյան

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ եւ ծանր մարտերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու եւ հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

Համոզված եմ, որ աշխարհում այլեւս չկա որեւէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։

Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։

Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով:

Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար:

Մեր միասնական սխրանքով եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, եւս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է:

Կեցցե՛ մեր բանակը,

Կեցցե՛ մեր ժողովուրդը,

Կեցցե՛ մեր ազգային միասնությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ