ԱՀ պաշտպանության բանակը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է Մատաղիս տանող ճանապարհին ՊԲ ստորաբաժանումը հակառակորդի ավտոշարասյունը խոցում։
Տեսանյութին կից Պաշտպանության բանակը արել է նաեւ գրառում այն մասին, որ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են։
«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային եւ հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում:
Ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, թե իբր Մադաղիսը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, իրականությանը չի համապատասխանում: Տեսանյութում ցուցադրված հակառակորդի ավտոշարասյան խոցումը տեղի է ունենում Մատաղիս տանող ճանապարհին»,- ասվում է Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը