Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ և բնակչություն։ Նախնական տվյալներով՝ 7 վիրավոր, մեկ զոհ կա, բայց այս մասով վաղը ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնենք։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են կատարել վնասված շենքերից բնակիչներին հանելու ուղղությամբ, որոշ աշխատանքներ էլ դեռևս ընթացքում են, նաև այդ պատճառով տվյալները ճշտման փուլում են։ Բնակելի երկու շենք շատ լուրջ վնասվել է, բարեբախտաբար այդ շենքերում քիչ բնակիչների են եղել այդ պահին, դրանով է պայմանավորված, որ վիրավորների քանակը մեծ չէ»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
ՄԻՊ-ն ընդգծեց, որ նման հարձակումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը դիտավորյալ է հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հարձակում հասցնելն, ըստ Բեգլարյանի՝ պատերազմական հանցագործություն է։ ՄԻՊ-ը կարևորում է, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ որևէ էսկալացիայի ժամանակ Ադրբեջանը համապատասխան արձագանք չի ստանում, և նաև դա ռեալ պատժամիջոցների վտանգ չի հարուցում, ապա Ադրբեջանն իրեն ավելի ազատ և անկաշկանդ է զգում։ Այդ տրամաբանության մեջ պետք է տեսնենք այսօրվա դեպքերը, և հետևաբար միջազգային հանրությունը լուրջ անելիք ունի՝ իր պարտականությունները կատարելու հարցում, այլապես Արցախում տեղի ունեցող և հնարավոր տեղի ունենալիք հումանիտար վատնգները, աղետը միանշանակ նաև միջազգային հանրության պատասխանատվության տակ են լինելու։ Հետևաբար, գոնե այս դեպքը չպետք է լուռ անցնի» ,- նկատեց Արցախի ՄԻՊ-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը