28 09 2020

ՄԻՊ-ը ծնողներին և երեխաներին հորդորում է բացառել հատկապես «ՏիկՏոկ»-ից օգտվելը

ՄԻՊ-ը ծնողներին և երեխաներին հորդորում է բացառել հատկապես «ՏիկՏոկ»-ից օգտվելը

Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով։ Այդ հանգամանքից ելնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է ծնողներին և երեխաներին սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:

Արման Թաթոյանն իր հայտարարության մեջ նշել է. «Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով:

Զանգվածային լրատվության միջոցների և հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին:

Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են «Ֆեյսբուք», «Թվիթեր», «ՏիկՏոկ» և սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում «ՏիկՏոկ» սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում: Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ:

Ուստի, ծնողներին և երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես «ՏիկՏոկ» սոցիալական ցանցից օգտվելը:

Մարդու իրավունքների պաշտպանն այս մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ