ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երևանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երևանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ-ը։
Եթե նախորդ օրերին ուժեղացված դիտարկումներն առանձին վարչական շրջաններում էին, ապա կիրակնօրյա դիտարկումը «խոշորացույցի» տակ է առել ողջ Երևանը։
Նկատի առնելով, որ հանգստյան օրերին տնտեսավարողների զգոնությունն անվտանգության կանոնները պահպանելու առումով որոշակիորեն թուլանում է, տեսչականի աշխատակիցների 24 խմբերը մանրակրկիտ ծրագրված ուղղություններով անակնկալ այցելել են ամենատարբեր ոլորտներ։
Դիտարկումներին մասնակցել են նաև ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը, վարչությունների ղեկավարներ։
Աշխատանքի մեկնարկը տրվել է վաղ առավոտյան հավաքով։ Ամիրյանը շեշտել է, որ արձանագրվող խախտումների և ըստ այդմ՝ կասեցումների կտրուկ նվազմամբ հանդերձ էլ ԱԱՏՄ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ․ այն բացառություններ չի ճանաչում ոչ ոլորտների, ոչ էլ տնտեսավարողների առումով։
Գրիգորյանն անդրադարձել է ստուգումների ամփոփ պատկերին՝ նկատելով, որ արտակարգ դրության սկզբում տնտեսավարողների մեծ մասն անտեղյակ էր համավարակի կանխման նորմերին, ու դրանց խախտման հիմքով պարետի որոշմամբ կասեցվում էր ստուգվածների մոտ 50-60 տոկոսը։ Մինչդեռ ներկայում կասեցվում է դիտարկվածի 7-8 տոկոսն ընդամենը։ Խախտումները նվազել են մոտ 80 տոկոսով։ Գրիգորյանը սա բնորոշում է որպես նախ լայն իրազեկման, ապա խիստ վարչարարության արդյունք։
Արձանագրվող խախտումների մեջ գերակշռում են ախտահանման եւ ջերմաչափման խնդիրները, դրանց գրանցամատյանների պատշաճ չվարելը, սոցիալական հեռավորություն չպահպանելը։
Ուժեղացված վերահսկողական աշխատանքներն ամեն օր են՝ առանց հանգստյան օրերի։ Ավելին, դրանք այժմ ավելի ինտենսիվ են․ ամեն մարզում՝ օրական հարյուրավոր տնտեսավարողների մոտ ստուգայցեր են։
ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու անվտանգության նորմերը, այլապես վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը