27 08 2020

Հրամայական է դառնում, որ լիբանանահայերը հայրենադարձվեն․ «Ազգային օրակարգ»

Հրամայական է դառնում, որ լիբանանահայերը հայրենադարձվեն․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակի համատեքստում լիբանանահայության խնդիրներին, ինչպես նաև նրանց հայրենադարձման գործընթացին: Հայտարարությունը՝ ստորև:

«Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածությունների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաև հայաբնակ թաղամասերը, որոնք մոտ էին գտնվում նավահանգստին։ Թեև Հայաստանի Կառավարությունը որոշակի հումանիտար աջակցություն ցույց տվեց Լիբանանին, ներառյալ նաև տեղի հայկական համայնքին, պայթյունի և նրան նախորդած երկարատև քաղաքական և տնտեսական անկայունությունը ծայրահեղ դժվարին իրավիճակ են ստեղծել Լիբանանի հայկական համայնքի համար, և այսօր պահանջում են շատ ավելի ընդգրկուն, համակարգային լուծումներ։

 

Դեռ մինչև պայթյունը, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին և Լիբանանում խորացող ճգնաժամի ազդեցությամբ, նկատել էր տեղի հայ բնակչության Հայաստան տեղափոխվելու աճող միտումը։ Պայթյունը էլ ավելի է սրել իրավիճակը, և օրակարգային է դարձրել տարերայնորեն ընթացող հայրենադարձությանը կազմակերպված և վերահսկելի իրականացումը, մասնավորապես հաշվի առնելով նաև Լիբանանի հայկական համայնքի կարևորությունը, և նրա ստեղծած վիթխարի ինստիտուցիոնալ կարողությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Այս կապակցությամբ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը առաջարկում է Հայաստանի և Արցախի Հանրապետության պետական մարմինների, հիմնական քաղաքական ուժերի, Լիբանանի հայ համայնքը ներկայացնող հասարակական և քաղաքական ուժերի, և բոլոր այլ հայկական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված Լիբանանի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ հայ համայնքներից հայրենադարձության համակարգմանը։ Այս համատեքստում, ի թիվս այլոց, պետք է պատասխան տրվի մի քանի խումբ կարևոր հարցերի՝

Ա) Հայրենադարձության ինչպիսի ծավալներն են խելամիտ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով մի կողմից Լիբանանում հայկական ներկայության պահպանության անհրաժեշտությունը Լիբանանում, մյուս կողմից հայրենադարձվողների համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները Հայաստանում և Արցախում;

Բ) Ինչպես շարունակվող հայրենադարձության պայմաններում պահպանել հայկական քաղաքական, հանրային և մշակույթային հաստատությունները Լիբանանում, և ապահովել համայնքի հետագա բնականոն զարգացումը;

Գ) Հայաստանի և Արցախի որ շրջանները և բնակավայրերն են ընդունելու հայրենադարձվողների հիմնական հոսքը, նաև հաշվի առնելով կոմպակտ համայնքներ ձևավորելու բնականոն ձգտումը;

Դ) Պետական աջակցության ինչպիսի փաթեթ է տրամադրվելու հայրենադարձվողներին Հայաստանի և Արցախի կողմից, և ինչ հավելյալ աջակցություն են հատկացվելու ծրագրում ներգրավված հասարակական ու մասնավոր կազմակերպությունների կողմից;

Ե) Ինչպիսի մասնակցություն կարող են ստանձնել հայկական հիմնական քաղաքական և հասարակական ուժերը ծրագրի իրականացման գործում։

Որպես հաջորդ քայլ, մենք նաև առաջարկում ենք, նույն ընդգրկուն մասնակցությամբ, ձևավորել մշտապես գործող համակարգող կենտրոն, որը կմշակի հայրենադարձության ընդհանուր ռազմավարությունը, դրա շրջանակներում կոնկրետ ծրագրեր և դրանց իրականացման մեխանիզմները, և անմիջականորեն կհամակարգի այդ ծրագրերի հետագա իրականացումը ներգրավված կողմերի հետ։ Մինչ այդ, անհրաժեշտ ենք համարում դյուրացնել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր արդեն իսկ ցանկություն ունեն տեղափոխվել Հայրենիք, ինչպես նաև հայրենադարձումից հետո կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթը։

Համոզված ենք, որ Լիբանանի հայության այդ երկրից արտագաղթելու շարունակվող գործընթացի պայմաններում հրամայական է դառնում, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն և բնակություն հաստատեն Հայաստանում ու Արցախում, իրենց կարողություններով շենացնեն և հզորացնեն Հայրենիքը, աշխարհով մեկ սփռվելու և տարրալուծվելու փոխարեն։ Ավելին, ներկայիս հայրենադարձության հոսքերը արդյունավետ կառավարելու դեպքում, մենք նաև աշխարհասփյուռ հայության համար իրական դրական նախադեպ կստեղծենք՝ վերադառնալու Հայրենիք, և այստեղ կառուցելու իրենց արժանապատիվ և բարեկեցիկ կյանքը։ Վերը նշյալի համազգային կարևորության գիտակցությամբ, մեր անվերապահ պատրաստակամությունն ենք հայտնում համակողմանիորեն ներգրավվել այդ գործընթացին, հատկացնելով թե նյութական, և թե կազմակերպչական ռեսուրսներ՝ այն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ